Նախքան ապրիլյան իրադարձությունները քաղաքացիական խաղաղարարությունը պասիվ վիճակում էր։ Այս մասին «Անալիտիկոն» պարբերականում գրել է քաղաքական վերլուծաբան Մասիս Մայիլյանը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղարար նախագծերի հիմնական «շարժիչ ուժը»՝ EPNK կոնսորցիումը, դադարեցրել էր իր ակտիվությունը 2015–ի մայիսին եւ պլանավորում էր նոր նախագծեր սկսել 2016-ի աշնանը։ «Ապրիլը որոշակի սահմանափակումներ մտցրեց հակամարտող 3 երկրների փորձագետների եւ քաղաքացիական հասարակության ակտիվիստների լայն շրջանակի մասնակցությամբ քննարկումների համար, թեպետ եւ կազմակերպվեցին ռազմավարական պլանավորման փորձագիտական 2 հանդիպում»,– նշել է Մայիլյանը։

Մայիլյանը կարծում է, որ ապրիլյան պատերազմը Հայաստանի, ԼՂՀ–ի եւ Ադրբեջանի՝ քաղաքացիական խաղաղարարությամբ զբաղվող հասարակական գործիչների համար քննություն էր։ «Տեղի ունեցավ յուրօրինակ «խաղաղարարների լուստրացիա»։ Գործիչների մեծ մասը նախընտրեց հանդես չգալ հանուն խաղաղության հայտարարություններով, մի մասը ակտիվացավ հրադադարի մասին բանավոր պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։ Եղան  նաեւ այնպիսիններ, որոնք կողմ էին սկսված պատերազմի շարունակությանը եւ հրապարակավ սկսեցին հրաժարվել խաղաղարարի հարգարժան եւ պատվաբեր առաքելությունից։ Միայն հասարակական գործիչների մի փոքր մասը հետեւողականորեն շարունակում է իր գործառույթը»,– արձանագրել է վերլուծաբանը։ Նրա կարծիքով ընդհանուր առմամբ ղարաբաղյան հակամարտության վրա միջազգային դոնորների ծախսած ռեսուրսները ցանկալի արդյունք չեն տվել։

Վերլուծաբանը նշում է, որ International Alert–ի՝ ԼՂՀ–ից հեղինակների կազմած «Խաղաղության հեռանկարների մերձեցումը։ 20 տարի քաղաքացիական խաղաղարարություն Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում» հրապարակման մեջ նշվել էր նաեւ բոլոր խաղաղարար նախաձեռնությունների համակարգման անհրաժեշտությունը եւ հավաքական պատասխանատվության ձեւավորումը՝ հանուն խաղաղարար գործընթացի ճակատագրի։ «Խաղաղարար նախագծերի ցրվածությունը ոչ բավարար արդյունավետության պատճառներից մեկն է»,– ասված է հրապարակման մեջ։