ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը կարծում է, որ պաշտոնանկ լինելուց հետո, չպետք է մեկ-երկու  օրվա տարբերությամբ  երկրում ծառացած խնդիրների վերաբերյալ ունենալ շրջադարձային մոտեցումներ, առավել եւս, որ իշխանության մեջ լինելով այդ պաշտոնյան ներսից է տեսել, թե նման խնդիրները լուծելու համար ինչ դժվարություններ են եղել: Պատգամվորն այսպես արձագանքեց NEWS.am-ի այն հարցին, թե ինչն էր կաշկանդում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին իր պատասխանատվության սահմաններում երկիրը դուրս բերել  ծանր վիճակից, երբ ութ տարի շարունակ զբաղեցնում էր Հանրապետության առանցքային պաշտոններից մեկը։ 

«Երբ դու իշխանության մեջ ես, կան խնդիրներ ու թերություններ, որոնք դու պետք  է լուծես, իսկ այդ լուծումը հեշտ չէ: Միշտ խոսելը ավելի հեշտ է, քան դա իրականացնելը: Երբ իշխանության մեջ ես, բոլոր այդ խնդիրները, բարդությունները, որոնք իրար հետ փոխկապակցված են, որոնց իրականացման համար գիտես` ինչ դժվարություններ կան: Իշխանության մեջ լինելու դեպքում արդարացնում են, թե կան բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, որոնք թույլ չեն տալիս, որ այդ ցանկությունները իրականացնենք, բոլորս դա ենք ասում: Իսկ երբ դուրս են գալիս իշխանությունից ու դառնում ընդդիմություն արդեն պատասխանատու չեն դա իրականացնելու համար եւ ազատ  են խոսելու մեջ, իսկ խոսելով ամեն ինչ կարելի է անել մեկ վայրկյանում, հրաշքներ իրականացնել, սարեր շուռ տալ: Դա է պատճառը, որ երբ մարդը իշխանության մեջ է, շատ չափավոր է խոսում  երեւույթների, զարգացումների մասին, չափավոր գնահատականներ  է տալիս, որովհետեւ ինքը դրա իրականացմանը մասնակից է: Իսկ երբ դուրս է գալիս, ընդդիմություն է հայտարարում իրեն, արդեն հեշտ է բանավոր խոսքով ամեն ինչ անել»,-ասաց Սեյրան Օհանյանի նախկին գաղափարակիցը:

Պատգամավորն ասաց, որ պաշտոնը հավերժական չէ եւ պետք է թեթեւ տանել դրա կորուստը, իսկ փորձով ու գաղափարներով օգտակար կարելի է լինել բոլոր ժամանակներում:

«Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր անձի համար, եթե նույնիսկ նա լեգենդար կենսագրություն ունի, մյուսների համեմատ մի քիչ ավելի շատ, իր աշխարհայացքն ու մոտեցումները երբեք կախված չպետք է լինեն նրանից, իշխանության մեջ է, թե ոչ: Մարդիկ, որոնք ունեն անցած ճանապարհ, նրանց արժեքը նրա մեջ է, որ երեւույթների ու գործընթացների մասին, որոնք վերաբերում են երկրի, ազգի կարեւոր հարցերին, չպետք տարբեր մոտեցումներ ունենալ իշխանության մեջ լինելու եւ իշխանությունից դուրս գալու դեպքում: Մեկ-երկու օրվա տարբերությամբ չպետք է շրջադարձային մոտեցումներ ունենալ»,-ընդգծեց Նիկոյանը:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան գրառումներում անդրադարձել է երկրի տնտեսական վիճակին` նշելով հետեւյալը. «Մեր երկիրը պետք է դուրս գա տնտեսական հարաբերությունների այսօրվա թակարդից եւ ունենա կայուն զարգացում, երկրում պետք է հաստատվի հանդուրժողականության եւ արդար մրցակցության մթնոլորտ, իրական առաջընթաց՝ կյանքի բոլոր ոլորտներում: Պետք է լինի իրական քվեով ձեւավորված, հանրային լայն վստահություն ունեցող իշխանություն»: