Քառօրյա պատերազմում վիրավորված ժամկետային զինծառայող Ավետիս Զարգարյանը հետագա բուժումն ամենայն հավանականությամբ շարունակելու է Մոսկվայում:

NEWS.am-ի թղթակցին Ավետիսի մայրը՝ տիկին Սոնյան, հայտնեց, որ Պաշտպանության նախարարությունն է նախնական նման որոշում կայացրել:

Նշենք, որ ի սկզբանե նախատեսվում էր, որ Ավետիս Զարգարյանի ծնոտի պլաստիկ վիրահատությունը պետք է կատարվեր Հնդկաստանում, որտեղ նա մեկնելու էր վերականգնողական բուժում ստանալու: Սակայն Պաշտպանության նախարարությունը չկարողացավ ինքնաթիռ գտնել: Ի դեպ, Ավետիսի բուժման ծախսն ամբողջությամբ բարեգործական հիմնադրամն է հոգալու, նույնիսկ այս պայմաններում նախարարությունն «ալարեց» ինքնաթիռ գտնել:

Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակի N զորամասի նախկին պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ավետիս Զարգարյանը հակառակորդի կողմից ապրիլի 4-ին ստացել է համակցված ողնաշար-ողնուղեղային կույր հրազենային վիրավորում եւ հաջորդ օրն ուղղաթիռով տեղափոխվել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վիրավորման հետեւանքով առաջացել է ողնուղեղի պարանոցային եւ կրծքային հատվածի ծանր աստիճանի սալջարդ-ջնջխում:

Ավետիս Զարգարյանը Ռուսաստանից էր եկել՝ ծառայության մեկնելու նպատակով: