Սիրիայի հարցով Մոսկվայի եւ Վաշինգտոնի համագործակցության հարցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմից դրական փոփոխություններ ակնկալելը միամտություն կլիներ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ուշադրություն դարձրեցինք այն հանգամանքին, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին դեկտեմբերի 18-ին Boston Globe-ին տված հարցազրույցում անկեղծորեն խոստովանեց, որ համաձայնության ձախողման համար պատասխանատվություն են կրում ամերիկյան կաբինետի անդամները, որոնք «կտրականապես դեմ» են Ռուսաստանի հետ ցանկացած փոխգործակցության: Դուք, վստահաբար, հասկանում եք, թե ում նկատի ուներ պետքարտուղարը: Այդ պատճառով միամտություն կլիներ գործող վարչակազմից մինչեւ լիազորությունների ժամկետի ավարտը որեւէ այլ մոտեցում ակնկալել»,- ասել է նա:
Լավրովը նշել է, որ սիրիական Դեյր Զորում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժի սխալ ավիահարվածներից հետո «փաստացի խափանվել է Համատեղ գործադիր խմբի ստեղծման մասին ռուս-ամերիկյան համաձայնագրի իրականացումը, որի նպատակն էր համակարգել ռուսական ուժերի եւ կոալիցիայի գործողությունները՝ Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար»:





























