«Բաքվի պլատֆորմի» հետ կապված բլեֆը աչքի առաջ փլուզվում է։ Այս մասին գրում է Aysor.am–ը։
«Ի՞նչ է ներկայացնում իրենից այդ, ըստ էության ի սկզբանե անհեռանկարային եւ բովանդակությամբ վարկաբեկված աղմկոտ նախագիծը։ Մի խումբ «օգտակար ապուշներ», որոնք տառապում են Հայաստանում ուշադրության պակասից, հուսալով փող վաստակել բնության օժտած որակների վրա՝ բարոյական սկզբունքների եւ արժանապատվության բացակայություն, ժամանեցին Բաքու ադրբեջանցի գործընկերներին սովորեցնելու, թե ինչպես ավելի արդյունավետ պայքարեն հայկական հողերի համար։ Սակայն ճոռոմ մամուլի ասուլիսը եւ ամպագոռգոռ հայտարարությունները հայ հասարակության մեջ գրեթե աննկատ մնացին։
Ադրբեջանական կողմից «Պլատֆորմին» միացան ոչ պակաս մերժված անձնավորություններ։ Օրինակ՝ Շելալա Հասանովայի կերպարն արժանի է առանձին հիշատակման։ Այս տիկինը ադրբեջանական «Հասարակայնության հետ կապերի զարգացման օժանադակություն» ՀԿ–ի ղեկավարն է, որը Ադրբեջանի նախագահին կից ՀԿ–ների աջակցության պետական խորհրդի դրամաշնորհի հաշվին բուռն գործունեություն է ծավալել ապացուցելու համար ոչ ավել ոչ պակաս Հայաստանի տարածքների պատմական պատկանելիությունը Ադրբեջանին։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ֆինանսավորած նախագիծը կոչվում է «Համացանցում Արեւմտյան Ադրբեջանի մասին ճշմարտության տարածում»։
Սակայն առավել մեծ հետաքրքրությունը ներկայացնում է ոչ թե ադրբեջանական քարոզչության մտահղացումը, այլ դրա իրականացման մեթոդները։ Ադրբեջանական քարոզչական haqqin.az կայքում հայտնվող տեղեկությունները հայ այս կամ այն գործիչների՝ «Պլատֆորմին» միանալու մասին հերքվում են հենց այդ մարդկանց կողմից, որոնք անուններն օգտագործում են նախագծի հեղինակները։
Այս կեղծարարության առաջին «զոհը» ՀՀ ԶՈւ նախկին սպա Նորայր Մինասյանն է, որը, haqqin.az–ի փոխանցմամբ, «ապաստան է խնդրել Ադրբեջանի ղեկավարությունից»։ Հայկական լրատվամիջոցներն օպերատիվ կերպով կապ հաստատեցին սպայի ընտանիքի հետ եւ բնականաբար ստացան ադրբեջանական ապատեղեկատվության հերքումը։ Ավելի վաղ եղել էր արցախցի գրող Լուսինե Ներսիսյանի միջադեպը, որն իբր թե միացել է «Պլատֆորմին», ինչի համար էլ կալանավորվել է։ Ադրբեջանական լրատվամիջոցները փորձեցին սկանդալ սարքել՝ Ադրբեջանում ԵՄ դեսպան Մալենա Մարդի անունից տարածելով ապատեղեկատվություն, որն իբր թե դատապարտել է երիտասարդ աղջկա կալանավորումը։ Մարդը Trеnd–ի հետ զրույցում հերքել էր այդ հրապարակումը։ Պատմությանը վերջակետ դրեց նաեւ ինքը՝ Լուսինե Ներիսիսյանը, որը հերքեց իր ենթադրյալ կալանքի ու իր հարցազրույցի մասին ադրբեջանական մամուլի ապատեղեկատվությունը։
Եվ ահա հիմա Aysor.am կայքի ձեռքում է հայտնվել Եվգենի անունով երիտասարդ ուկրաինացու մասնակցությամբ տեսանյութը, որը Haqqin.az կայքում ներկայացվել էր որպես Արամ Կարապետյան՝ ծագումով Շուշիից, Եվրամայդանի ակտիվիստ, որը միացել է «Պլատֆորմին»։
Տեսանյութում Եվգենին հայտարարում է. «Բարեւ Ձեզ, իմ անունը Եվգենի է։ Ես Արամ Կարապետյանը չեմ։ Ես չգիտեմ, թե ինչպես կարող էր պատահել, որ իմ լուսանկարները հայտնվեին այնտեղ (haqqin.az-ում)։ Ես ուկրաինացի եմ, հայ չեմ։ Ես ներողություն եմ խնդրում, չգիտեմ, թե ինչպես են իմ լուսանկարները հայտնվել համացանցում հենց այդ կոնտեքստում»։





























