Որպես պատիժ ԱՄՆ նախագահական ընտրարշավի ընթացքում ենթադրյալ հաքերային հարձակումներին՝ նախագահ Օբաման Ռուսաստանի դեմ աննախադեպ պատժամիջոցներ սահմանեց: Ըստ Inopressa-ի՝ այս մասին գրել է Der Spiegel-ի նյույորքյան թղթակից Մարկ Պիցկեն: «Կիբերպատերազմն անդառնալի է. Թրամփն առաջին լուրջ խնդրի առջեւ է կանգնել»,- վստահ է հրապարակման հեղինակը:
«Նախագահության ժամկետի ավարտին Բարաք Օբաման, ամեն դեպքում, որոշել է գավազան ճոճել: Ռուսաստանցի 35 դիվանագետների արտաքսում, պատժամիջոցներ հատուկ ծառայությունների եւ լրտեսների, հաքերների եւ ձեռնարկությունների դեմ, անվանական թվարկում, ովքեր, ենթադրաբար, կանգնած են հաքերային հարձակումների հետեւում, եւ նույնիսկ լուսանկարներ. տուգանային միջոցները, որոնք հեռացող նախագահը սահմանեց Ռուսաստանի դեմ, լրջագույնն են դառնում Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ գաղտնի կիբերպատերազմի երկարամյա պատմության ամբողջ ընթացքում»,- ասված է հոդվածում:
«Միաժամանակ՝ սա ուշացած, բայց այդ պատճառով ոչ պակաս դրամատիկ հատուցում է նախագահական ընտրարշավի ժամանակ Դեմոկրատական կուսակցության սերվերի վրա կիբերհարձակման համար, որը հրաժեշտ տալիս իր հաջորդին նվիրում է Օբաման: Դոնալդ Թրամփը, որին այս հարձակումները, ըստ էության, ձեռնտու էին քաղաքական առւմով, հերքում է Մոսկվայի մեղքը: Պաշտոնապես լիազորությունները ստանձնելուց հետո նա կարող է չեղարկել Օբամայի պատժամիջոցները: Իհարկե՝ ոչ բոլորը,- պարզաբանում է հեղինակը:- Նախ՝ ռուսական կողմից մեկի ինքնությունն արդեն հայտնի է: Երկրորդ՝ Կոնգրեսում բազմաթիվ հանրապետականներ հավանության են արժանացրել Օբամայի պատասխան հարվածը, նախեւառաջ՝ Ներկայացուցիչների պալատի ազդեցիկ խոսնակ Փոլ Ռայանը»: Թրամփի կուսակիցները կարող են դիմադրել պատժամիջոցները չեղարկելուն:
Սպիտակ տունն առաջին ամիսը չէ, որ քննարկում է՝ ինչպես պատասխանել հաքերային հարձակումներին, որոնք առաջին հերթին ուղղված էին Դեմոկրատական կուսակցության եւ Հիլարի Քլինթոնի դեմ:
«Առաջին հետքը գտան դեռեւս 2015 թվականի աշնանը,- գրում է լրագրողը:- Վեճեր են ծագում այն հարցի շուրջ, թե երբ եւ ինչ ապացույցներ են հրապարակվելու, եւ արդյո՞ք ընդհանրապես հրապարակվելու են: Երկու երկրների միջեւ կիբերպատերազմն արդեն մի քանի տարի է՝ մղվում է, բայց դա տեղի է ունենում հանրության տեսադաշտից դուրս: Բացի այդ, Օբաման հույս ուներ խուսափել տպավորությունից, որ ցանկանում է միջամտել նախընտրական արշավի ընթացքին»:





























