«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբանը հաշվեհարդար է գնահատում նրա նկատմամբ վերաբերմունքը։
Հայարփի Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում նշել է. «30.12.2016թ., ժամը՝ 17:30-ի սահմաններում, այցելեցի ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ տեսակցելու Հովհաննես Հարությունյանին, սակայն ինձ ասացին, որ կես ժամ առաջ իրեն տարել են: Որեւէ մեկը հստակ չգիտեր, թե ուր են տարել:
Նշված ՔԿՀ-ի պետը չբարեհաճեց իմ բանավոր հարցին պատասխանել, թե որտեղ է Հովհաննես Հարությունյանը՝ նշելով, որ չգիտի: Վարույթն իրականացնող մարմինը եւս նշեց, որ չգիտի, թե որտեղ է Հովհաննես Հարությունյանը: ՄԻՊ-ի տեղեկություններով պաշտպանյալիս տեղափոխել էին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:
Պարզվում է, որ ոչ միայն առանց ինձ տեղեկացնելու իմ պաշտպանյալին տեղափոխել են, այլեւ հրաժարվում են պատասխանել, թե որտեղ է գտնվում նա: ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետը նույնիսկ հեգնեց՝ ասելով, որ գրավոր հարցում անեմ, որպեսզի ինձ պատասխանեն, մինչդեռ վաղվանից մինչեւ 09.01.2017թ. ոչ աշխատանքային օրեր են: Չտրամադրվեց նաեւ որեւէ բժշկական եզրակացություն, որի հիման վրա պաշտպանյալիս տեղափոխել են:
Այցելեցի ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, տեսակցեցի Հովհաննես Հարությունյանին: Ակնհայտ է, որ սրանք միտումնավոր քայլեր են՝ ուղղված Հովհաննես Հարությունյանի առողջության եւ կյանքի անվտանգության դեմ: Սա հաշվեհարդար է»,- հայտնել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ ոտքից ծանր վիրավորում ստացած Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի մասին հակասական կարծիքներ կան: Ըստ փաստաբան Հայարփի Սարգսյանի՝ իր պաշտպանյալի վիճակը գնալով վատանում է, նրան շտապ վիրահատություն է պետք, քանի որ ոտքը սկսել է սեւանալ, բարակել, իսկ նա էլ ցավերին չի դիմանում: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հակառակն է պնդում:





























