Դեռեւս ամերիկյան ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ջոն Բրենանը հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչությունն ու նախագահ Օբամայի հեռացող վարչակազմը ցանկանում է ուշադրություն հրավիրել ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության վրա՝ որպես նախազգուշացում այլ երկրներին, հատկապես՝ եվրոպական:
Եվրոպական ընտրություններին, հատկապես՝ ԱՄՆ դաշնակից եւ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցում գործընկեր Գերմանիայում, ռուսական հնարավոր միջամտությունը, հեռացող պաշտոնյայի խոսքով, լուրջ մտահոգություն է առաջացնում: «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ այս մասին Բրենանը հայտարարել է Չիկագոյի համալսարանի Քաղաքականության ինստիտուտում կազմակերպված միջոցառման ժամանակ:
Բրենանն ու հետախուզության այլ ներկայացուցիչներ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ընտրությունների վրա ազդելու նպատակով ռուսական կիբերհարձակումների ապացույցներ կներկայացնեն: Թրամփը բազմիցս կասկածներ են հայտնել այդ կապակցությամբ՝ հայտարարելով, որ հետախուզությունը ոչնչով չի հիմնավորում մեղադրանքները:





























