ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմը հրապարակել է ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին զեկույցի՝ լայն հանրության համար նախատեսված տարբերակը։ Փաստաթուղթն ունի նաեւ գաղտնի տարբերակ, որը մինչ այդ ներկայացրել էին Բարաք Օբամային ու Դոնալդ Թրամփին։

Ըստ Reuters–ի, փաստաթղթից հետեւում է, որ ԱՄՆ հետախուզությունը «գրեթե վստահաբար» համարում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելուն ուղղված արշավ կազմակերպել։

Ամերիկյան հետախուզության կարծիքով, ՌԴ նախագահը նպատակ ուներ «խաթարել ժողովրդի հավատը ամերիկյան ժողովրդավարության հանդեպ, հեղինակազրկել Հիլարի Քլինթոնին, վնասել նրա քարոզարշավին ու խանգարել նրա հաղթանակին»։ «Բացի դրանից մենք համարում ենք, որ Պուտինի ու Ռուսաստանի կառավարության համար ակնհայտորեն նախընտրելի էր Թրամփի հաղթանակը։ Երբ Մոսկվային պարզ դարձավ, որ Քլինթոնն ամենայն հավանականությամբ կհաղթի ընտրություններում, ռուսական արշավը կենտրոնացավ նրա հնարավոր նախագահությանը խոչընդոտելու վրա»,- ասվում է զեկույցում։ «Ռուսական հետախուզությունը կարողացել է մուտք գործել բազմաթիվ ընտրական հանձնաժողովների տարրերին ՝ նահանգների մակարդակով ու տեղական մակարդակով»,- ասվում է փաստաթղթում։

Զեկույցում հետախուզությունը նաեւ հայտնում է, որ Գլխավոր հետախուզական վարչությունը «մեծ հավանականությամբ» օգտագործել է Guccifer 2.0 հաքերին, նաեւ DCLeaks.com եւ WikiLeaks կայքերը, որպեսզի լրատվամիջոցներում տարածի կիբերհարձակումների ընթացքում գողացված տվյալները։