Ռուսաստանը «ծրագրում էր միջամտել» ու «միջամտել է» ԱՄՆ ընտրություններին։ Այս մասին ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ «Ես կարծում եմ ռուսներն իսկապես մտադիր էին միջամտել ու միջամտել են»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահը դժգոհել է, որ Հանրապետական կուսակցության անդամները ավելի շատ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին են վստահում, քան իրենց համաքաղաքացիներին։ «Ես մտահոգված եմ, որ հանրապետականները, կամ հեռուստատեսային մեկնաբանները, ինչպես ինձ է թվում, ավելի շատ Վլադիմիր Պուտինին են վստահում, քան իրենց համաքաղաքացիներին, միայն որովհետեւ նրանք դեմոկրատներ են»,- ասել է Օբաման եւ հավելել «Մենք պետք է հիշենք, որ մեկ թիմում ենք։ Վլադիմիր Պուտինը մեր թիմում չէ»։
Նշենք, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կիբերհարձակումները չեն ազդել անցած ընտրությունների վրա։ Նա ասել է, որ շատ «գաղտնի բաներ» է իմացել ԱՄՆ հետախուզության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, երբ նրան ներկայացրել են կիբերհարձակումների մասին զեկույցի ամբողջական տարբերակը։ Սակայն նա խուսափել է պատասխանել այն հարցին, արդյոք համաձայն է կիբերհարձակումներին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ մեղադրանքներին։
ԱՄՆ ընտրված փոխնախագահ Մայք Փեյսն էլ վստահեցրել է, որ երբ Թրամփը սկսի իր պաշտոնավարությունը, նա հենց առաջին օրերին «ագրեսիվ» քայլեր կձեռնարկի կիբերհարձակումների դեմ։





























