2017 թվականի հունվարի 1-ից Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) նախագահող Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցը հունվարի 12-ին Վիեննայում կներկայացնի նախագահության ծրագիրը եւ ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդում իր երկրի առաջնահերթությունները: Այս մասին նշված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում:
Սեբաստյան Կուրցը կորոշի ԵԱՀԿ-ի բոլոր երեք չափումներում Ավստրիայի նախագահության առաջնահերթությունները՝ շեշտադրելով ԵԱՀԿ-ի տարածաշրջաններում ճգնաժամերը եւ հակամարտությունները, վստահության վերականգնման համար հեռանկարները եւ աճող արմատականացման ու ծայրահեղականության դեմ պայքարի միջոցները:
Հունվարի 12-ին Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցի եւ կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի համատեղ մամուլի ասուլիսը:





























