ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը աշխարհով մեկ՝ Բալիից սկսած մինչեւ Պանամա, բազմաթիվ ընկերություններ ունի։ «Հենց այդ հանգամանքն էլ կարող է նրան ծայրահեղ վտանգավոր իրավիճակում դնել երդմնակալությունից հետո, ինչպես ցույց է տալիս Դուբայի օրինակը», գրում է գերմանական Handelsblatt բիզնես թերթը։
Հոդվածում խոսքը Դուբայում գտնվող Trump International Golf Club գոլֆ ակումբի մասին է։ Գոլֆ ակումբը դեռ շահագործման չի հանձնվել, բայց նախագծի համար պատասխանատու կապալառուները արդեն հաշվում են ապագա շահույթը։ Միաժամանակ «գոլֆ ակումբի օրինակը հստակ ցույց է տալիս, թե ինչ շահերի բախում կարող է առաջանալ Թրամփի բիզնես կայսրության նախագծերի պատճառով»։ Ըստ հոդվածագրի, Սպիտակ տան նախկին ղեկավարներից մի քանիսն էլ են ունեւոր մարդիկ եղել, բայց Թրամփը դառնալու է առաջին ամերիկացի «նախագահ ֆրանշիզան»։
Շատերին արդեն հիմա հուզում է այն հարցը, արդյոք «օտարերկրյա ընկերությունները չեն կարողանան Թրամփի միջազգային բիզնեսի միջոցով ճնշում գործադրել նրա վրա կամ կաշառել նրան»։
Նախկինում երբեւէ Սպիտակ տանը նման իրավիճակ չէր առաջացել։ «Թրամփը, ըստ երեւույթին, ոչ մի ամոթալի բան չի տեսնում իր բիզնես շահերը ԱՄՆ կառավարության քաղաքականության հետ միաձուլելու մեջ»,- ասում է պրոֆեսոր Ռոբերտ Գորդոնը՝ Սթենֆորդի համալսարանից։
Դուբայում գոլֆ ակումբի բացումը ծրագրված է փետրվարին, այն կառավարելու են Trump Organization–ի աշխատակիցները։ Ակումբը գտնվելու է նույն փողոցում, որտեղ «Բուրջ ալ Արաբ» հանրահայտ հյուրանոցն է, իսկ ակումբի շուրջը բնակելի թաղամաս է լինելու, որը կառուցել է Damac Properties դուբայական կառուցապատողը։ Միլիարդատեր Հուսեյն Սաջավին, որը 2002-ին է ստեղծել Damac Properties–ը, Թրամփի հետ ծանոթացել է մոտ 10 տարի առաջ։ Ըստ մայիսին հրապարկաված զեկույցի՝ Թրամփը Damac Properties–ից 1-5 մլն դոլար է ստացել։
Մինչդեռ հատուկ ծառայությունների փորձագետներն էլ մտավախություն ունեն, որ Թրամփի անունը կրող օբյեկտները կարող են ահաբեկչությունների թիրախ դառնալ, առավել եւս ո ր քարոզչության ժամանակ Թրամփի հակաիսլամական արտահայտությունները այդ տարածաշրջանում նրա համար վատ համբավ են ստեղծել։





























