ԿՀՎ–ի, ՀԴԲ–ի եւ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության զեկույցը սիրողական մակարդակի եւ չհիմնավորված մեղադրանքներ է պարունակում, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Նա նշել է, որ ԱՄՆ պատմության մեջ արդեն եղել են «վհուկների որսի» նման դեպքեր։

«Մենք գիտենք, որ հետո նրանց ավելի սթափ մասնագետներով են փոխարինում, ավելի զգոն մոտեցումներով, որոնք ուղղված են երկխոսությանը, այլ ոչ թե հուզական նոպաներին»,– ասել է Պեսկովը եւ հավելել, որ Մոսկվան արդեն «լրջորեն հոգնել է» նման մեղադրանքներից։ Նրա խոսքով՝ զեկույցի հրապարակված հատվածը հիասթափությունից բացի ոչինչ առաջ չի բերել։

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին հրապարակվել էր ԿՀՎ–ի, ՀԴԲ–ի եւ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության պատրաստած զեկույցի գաղտնազերծված մասը, որում ասվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է 2016-ին արշավ սկսել ԱՄՆ ընտրությունների վրա ազդելու համար։