Թաիլանդի թագավոր Ռամա 10-րդը երկրի նոր Սահմանադրության նախագիծը հետ է ուղարկել խորհրդարան՝ թագավորական լիազորությունների եւ միապետի իշխանության հետ կապված հոդվածների լրամշակման նպատակով: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել է Թաիլանդի վարչապետ, գեներալ Պրայուտ Չան-Օչան:

Թաիլանդում գործող ժամանակավոր Սահմանադրության համաձայն, որը ռազմական իշխանությունն ընդունել է 2014 թվականի պետական հեղաշրջումից հետո, թագավորը կարող է խորհրդարանի կողմից իր հաստատմանը ներկայացված օրենքի նախագծերը քննարկել 90 օրվա ընթացքում՝ մինչ փաստաթղթերի հաստատման մասին հայտնելը կամ լրամշակման ուղարկելը:

Սահմանադրության նախագիծը միապետի հաստատմանն է ուղարկվել անցյալ տարի: Սակայն օրենքների լրամշակման գործընթացի տեւողություն ժամանակավոր Սահմանադրությունը չի սահմանում: