Գանայի նորընտիր նախագահին քննադատել են իր երդմնակալության արարողության ելույթում ԱՄՆ նախագահների երդմնակալության ճառերն օգտագործելու համար, հայտնում է «Ասոշիեյթիդ փրես»-ը։

Նանա Ակուֆո Ադդոն, որը դեկտեմբերին հաղթել էր նախագահական ընտրություններում, հունվարի 7-ից անցել է իր պաշտոնավարմանը ։

Գործակալության տվյալներով, նրա ելույթի մի հատվածն ամբողջովին կրկնում էր ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի 1993-ի երդմնակալության ճառը։ Ակուֆո Ադդոյի ելույթի մեկ այլ հատված էլ ամբողջովին համընկնում էր ԱՄՆ նախկին առաջնորդ Ջորջ Բուշի 2001-ի ելույթին։

Մինչեւ 2014 թ․ Գանան համարվում է առավել դինամիկ զարգացող տնտեսությամբ աֆրիկյան երկիր։ Ընտրություններից առաջ հասարակական լարվածությունն աճել էր, տեղի էին ունեցել բախումներ հակամարտ կուսակցությունների կողմնակիցների միջեւ, նաեւ ոստիկանության հետ։