ԱՄՆ իշխանությունները ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի եղբորը եւ զարմիկին մեղադրանք են ներկայացրել պետական պաշտոնյային կաշառելու նպատակով հանցավոր համաձայնության համար, փոխանցում է BBC-ն:
Նրանց մեղադրում են մերձավորարեւելյան երկրի պաշտոնատար անձին կաշառք տալու մեջ՝ նրան համոզելու համար պետական փողերով շենքերի համալիր ձեռք բերել:
Բան Կի-Մունի զարմիկը կալանավորվել է, սակայն 250 հազար դոլար գրավով ազատ է արձակվել: Նրա հորը չեն կալանավորել:
Դատախազները պնդում են, որ 2013-ի սկզբին հարավկորեական շինարարական Keangnam ընկերությունը, որտեղ ՄԱԿ գլխավոր քարտուղարի եղբայրը՝ Բան Կի-Սանը մենեջեր է աշխատել, պարտքերը թաքցնելու համար որոշել է Վիետնամում Landmark 72 շինարարական համալիրը վաճառել:
39-էջանոց մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ Բան Կի-Սանը եւ նրա որդին, որ Նյու Յորքի Մանհեթենում անշարժ գույքի գործակալ է, հույս ունեին մինչեւ 800 մլն դոլար արժեքով գործարքից բազմամիլիոնանոց միջնորդավճար ստանալ:
Նրանք որպես կաշառք միլիոնավոր դոլար են վճարել եւ փորձել են օգտվել իրենց ընտանիքի ազդեցությունից՝ պաշտոնյային համոզելու համար համալիրի գնումը բարեկեցության պետական հիմնադրամի փողերով կազմակերպել:
Բան Կի-Մունի ազգականներին առաջադրվել են կոռուպցիայի, փողերի լվացման եւ հանցավոր համաձայնության մեղադրանքներ:





























