Հունվարի 12-ի առավոտյան, Մինսկում իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորումից մեկ ամիս հետո, հաջողվել է կազմակերպել Բելառուսում Իսրայելի հյուպատոս Յուլյա Ռաչինսկու այցը մեկուսարան, որտեղ պահվում է կալանավորված իսրայելցին: Այս մասին հայտնում է http://9tv.co.il/-ը:

Այցին հաջողվել է հասնել Քնեսեթի պատգամավոր Քսենյա Սվետլովայի («Սիոնական ճամբար») եւ Իսրայելի ԱԳ փոխնախարար Ցիպի Խոտովելիի միջամտությամբ:

Հիշեցնենք, որ Լապշինը Մինսկում կալանավորվել է Ադրբեջանի պահանջով, որը նրա արտահանձնումն է պահանջում: Հինգ տարի առաջ Ադրբեջանի իշխանությունները բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը եւ միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: Պարբերականը պարզաբանել է, որ այդ օրենքի գործողության տակ են հայտնվում Լեռնային Ղարաբաղ այցելած քաղաքացիները:

Սվետլովայի խոսքով՝ Բելառուսի իշխանությունների հակազդեցության պատճառով մի ամբողջ ամիս է պահանջվել Լապշինին հյուպատոսի այցին հասնելու համար:

«Մենք տագնապահարույց տեղեկություն ենք ստանում այն մասին, որ Լապշինին պահելու պայմանները խիստ վատացել են, նրա վրա ճնշում է գործադրվում, եւ մենք ուղղակի պարտավոր ենք անհապաղ հյուպատոսի հետ հանդիպման հասնելու, որպեսզի, Աստված մի արասցե, դժբախտություն չպատահի: Կարեւոր է, որ հյուպատոսը հետագայում եւս շարունակի վարել Լապշինի գործը եւ լրջորեն հետեւի տեղի ունեցողին»,- ասել է նա:

Սվետլովան նշել է, որ իսրայելցու վրա մեկուսարանում ճնշում են գործադրում, ստիպում են ստորագրել արտահանձնման համաձայնությունը, չնայած դատարանը դեռեւս որոշում չի կայացրել: Նրա խոսքով՝  ինքը բանակցում է Բելառուսի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի խուսափեն բլոգերին հանձնելուց: Նա հայտնել է, որ բլոգերը պատրաստ է մտածել ադրբեջանական կողմից ներողություն խնդրելու հնարավորության շուրջ ազատ արձակվելու երաշխիքների եւ արտահաննձնման պահանջի չեղարկման դիմաց: