Bloomberg-ի հաշվարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության պահպանության համար Նյու Յորքի քաղաքապետարանի ծախսերը: Տվյալները հենց քաղաքապետարանն է տրամադրել: Ըստ հաշվարկների՝ նորընտիր նախագահի անվտանգության պահպանությունը քաղաքային բյուջեին օրական 0.5 մլն դոլար է արժենում: Մինչեւ հունվարի 21-ն այդ նպատակով, ընդհանուր առմամբ, մինչեւ 35 մլն դոլար կծախսվի: Այս մասին հաղորդում է RNS-ը:

Մինչեւ հիմա արդեն 32.64 մլն դոլար է ծախսվել: Այս գումարը ներառում է ոստիկանների, Trump Tower շենքի պարեկման ծառայությունների համար կանոնավոր եւ արտաժամյա աշխատանքի վճարը: Քաղաքը պարտավոր է նաեւ առանձին վճարել մասնավոր եւ պետական անվտանգության պահպանության, հատուկ ծառայությունների եւ գաղտնի ծառայությունների աշխատանքի համար, որոնք պահպանում են նախագահին եւ նախագահի թեկնածուներին:

Նյու Յորքի քաղաքապետարանի եւ քաղաքային խորհրդի գնահատականները, սակայն, տարբեր են: Առաջինի կարծիքով՝ մինչեւ հունվարի 21-ը Թրամփի անվտանգության պահպանության ընդհանուր ծախսը կկազմի օրական 35 մլն դոլար, քաղաքային խորհրդի կարծիքով՝ 70 մլն կամ կրկնակի ավելի:

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվեցին 2016 թվականի նոյեմբերի 8-ին: Դոնալդ Թրամփը պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին: