«Սասնա ծռեր» խմբին բեռնատար տալով օժանդակելու մեջ մեղադրվող 69-ամյա Խաչատուր Գիչյանի խուցը, որտեղ պահվում է նա, ծանրաբեռնված է: Այս մասին   NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալը սրտի հետ կապված խդիրներ ունի, սակայն, ստիպված է մնալ մի խցում, որտեղ բացի իրենից կա 10 կալանավոր, որոնք բոլորը ծխում են:

«Այս մասին նա դատարանում էլ ասաց, որ չի կարողանում մնալ այդ խցում, որովհետեւ բոլորը ծխում են, իսկ նրա սիրտը դրանից վատանում է, բայց դատարանը հաշվի չառավ այդ հանգամանքը»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ Խաչատուր Գիչյանի խափանման միջոց կալանքը երկարացրել երկու ամսով: Նիստի ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է եւ նրան Շտապօգնության մեքենայով տեղափոխել են դատարանի շենքից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Խաչատուր Գիչյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):

Գիչյանը Վրաստանի քաղաքացի է: Նա ցուցմունք էր տվել, որ երբ իմացել է, թե ինչ նպատակի է ծառայելու իր մեքենան, այն չի տվել «Սասնա ծռեր» խմբի տղաներին, որոնք մի քանի անգամ եկել են իր տուն, ուսումնասիրել բեռնատարը: Նա ասել է, որ մերժելուց հետո սպառնացել են ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնել, ինչից հետո ստիպված է եղել բեռնատարը տրամադրել նրանց: Ավելի ուշ փաստաբանն ասել էր, որ Գիչյանը փոխել է նախնական ցուցմունքը: