ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ նյութերով «թղթապանակի» ենթադրյալ հեղինակ Քրիստոֆեր Սթիլն այն ընտրություններում հանրապետական թեկնածուի հաղթանակից հետո անվճար է պատրաստել: Այս մասին գրում է Independent պարբերականը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ անանուն փաստաթուղթը, որը պատմում է, թե «ռուսական ոմն գործակալներ», իբր, Թրամփին վարկաբեկող տեղեկություններ ունեն, հրապարակվել էր BuzzFeed-ում: Այն անմիջապես հայտարարել էր, որ զեկույցը պատրաստել է «բրիտանական հետախուզության նախկին աշխատակից ներկայացած անձը»: Հինգշաբթի հայտնի դարձավ զեկույցի հեղինակի անունը. պարզվեց, որ նա ՄԻ-6-ի նախկին աշխատակից, ներկայում հետազոտություններով եւ անվտանգության հարցերով զբաղվող լոնդոնյան Orbis Business Intelligence ընկերության 52-ամյա աշխատակից Քրիստոֆեր Սթիլն է:

Ավելի վաղ New York Times-ը հաղորդել էր, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմնակիցը 2015 թվականին վարձել է Fusion GPS մասնավոր ընկերությանը՝ Դոնալդ Թրամփին վարկաբեկող նյութեր հավաքելու համար, երբ միլիարդատերը նոր էր հայտարարել ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնելու մասին:

Independent-ի տվյալներով, երբ հանրապետականները Թրամփին առաջադրել են որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, Սթիլի նոր գործատուները Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն են դարձել: Սակայն նոյեմբերի 8-ի ընտրություններում Թրամփի հաղթանակից դեմոկրատներն այլեւս նրա ծառայությունների կարիքը չեն ունեցել: Այդ ժամանակ բրիտանական հետախուզության նախկին աշխատակիցը որոշել է «թղթապանակի» ուղղությամբ աշխատանքն անվճար շարունակել: Սթիլը որոշել է, որ իր հավաքած նյութերը պետք է լինեն ոչ միայն նորընտիր նախագահի ընդդիմախոսների ձեռքում, այլ կարող են ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարց դառնալ:

Սթիլի ամերիկացի գործընկերը՝ Wall Street Journal-ի նախկին թղթակից Գլեն Սիմփսոնը, որը 2015 թվականի գլխավորել է Fusion GPS-ը, նույնպես անհանգստացել է բացահայտված տեղեկությունների առիթով եւ անվճար շարունակել աշխատել Թրամփի գործի ուղղությամբ: