Ադրբեջանը չի սովորել պահել իր խոստումները. այն օրը, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կնքվում էր գերիների եւ դիակների փոխանակման մասին համաձայնագիրը, այդ երկրի զինվորականները չէին դադարում կրակել սահմանում: Նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց գեներալ-գնդապետ Արկադի Տեր-Թադեւոսյանն (Կոմանդոս), ու հավելեց. «Այնպես, որ համաձայնագիրն Ադրբեջանը կարող է ի կատար ածել մասամբ»։
«Ադրբեջանցիներն ամեն օր կրակում են Ղարաբաղի ուղղությամբ, իսկ մերոնք հրամայում են չկրակել։ Զուտ մարդկային առումով մենք ճիշտ ենք, սակայն ադրբեջանցիներին համարժեք պատասխան տալ է պետք։ Դաժանությանը պետք է դաժանությամբ պատասխանել։ Իսկ մենք ամբողջ ժամանակ լռում ենք»,- ասաց Կոմանդոսը։
Խոսելով դեկտեմբերի 1-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից ունեցած իր ակնկալիքների մասին՝ գեներալ-գնդապետը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության մասով ինքը որեւէ առաջընթաց այդ հանդիպումից չի ակնկալում։ «Պետք է մի բախում լինի, որպեսզի երկու կողմերն սկսեն հասկանալ միմյանց։ Այժմ ամեն մեկը հասկանում է այն, ինչ ուզում է հասկանալ։ Սակայն բանակցություններն, ամեն դեպքում, ավելի լավ են, քան պատերազմը»,- ասաց Կոմանդոսը՝ ավելացնելով, որ Աստրախանում կայանալիք հանդիպումը եւ ձեռքսեղմումները հերթականն են լինելու։
Ամփոփելով՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը խոսեց նաեւ ճանապարհային քարտեզի ընդունման հավանականության մասին։ «Ճանապարհային քարտեզի մասին խոսում են արդեն երկու տարի։ Սակայն տարբերակներից ոչ մեկը կողմերին չի գոհացնում։ Նա, ով ճանապարհային քարտեզ է առաջարկում, ձգտում է որոշակի առաջխաղացման, ինչը, սակայն, չի ստացվում»,- ասաց նա:





























