Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր` նոյեմբերի 3-ին վարույթ հարուցեց «Օրանժ Արմենիա» ընկերության դեմ։ Վարույթի հիմք է հանդիսացել «Հետք» շաբաթաթերթում տպագրված հոդվաը՝ «Orange-ի հաջողություններն ու բաժանորդների դժբախտությունը»։ Խնդիրը հետեւյալն է. «Օրանժ Արմենիա»-ի վաճառքի խանութներում մեկ տարվա բաժանորդագրությամբ ինտերնետ ծառայությունների ստացման համար բաժանորդները «Ինտերնետ Հիմա 7.2 3G+» մոդեմը ձեռք են բերում 1 դրամով:
Սակայն այն բաժանորդները, ովքեր «Ինտերնետ Հիմա 7.2 3G+» մոդեմը ձեռք կբերեն առանց մեկ տարվա պայմանագրի, մոդեմը ստիպված կլինեն գնել 24 հազար դրամով (մոտ 65 դոլար)։
Մեկ տարվա պայմանագիր կնքած բաժանորդներին «Օրանժ Արմենիան» տալիս է 15-օրյա ժամկետ՝ մոդեմը վերադարձնելու եւ պայմանագիրը լուծելու համար: Այդ ժամկետը լրանալուց հետո, եթե բաժանորդը դժգոհ է կապի որակից (ասենք՝ չի ապահովվում գերարագ ինտերնետ), ապա պայմանագիրը լուծելու համար ստիպված է ընկերությանը վճարել մոդեմի ամբողջ արժեքը` 24 հազար դրամ (65 դոլար) եւ տուգանք` 1000 դրամ (2,7 դոլար):
Ըստ Հանձնաժողովի՝ սրանում հնարավոր է՝ առկա է հասարակությանը մոլորեցնելու տարր, անբարեխիղճ մրցակցության դրսեւորում։ «Ինտերնետ Հիմա 7.2 3G+» ծառայության վերաբերյալ զանգվածային լրատվությամբ եւ արտաքին գովազդի միջոցներով սպառողներին տրամադրվող տեղեկատվության եւ վերոնշյալ ծառայության փաստացի մատուցվող պայմանների համապատասխանությունը պարզելու նպատակով՝ հարուցվեց վարչական վարույթ։ «Օրանժ Արմենիան» պարտավորվում է 7-օրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել սույն խնդրի վերաբերյալ։





























