Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Ալաշկերտի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը NEWS.am-i թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմեց, թե ինչի շնորհիվ նա կարող է աճել որպես ֆուտբոլիստ, ինչպես էր Բերեզովսկուն փոխարինելը եւ ինչ նախասիրություններ ունի:

Արսեն, անցյալ տարի դու դարձար ազգային հավաքականի հիմնական դարպասապահը: Կարելի՞ է ասել, որ դա քո կարիերայի լավագույն տարին էր:

Այո, այդպես էր: Դառնալ հավաքականի դարպասապահ մեծ իրադարձություն է, բացի այդ մեկնարկեց  որակավորման նոր խմբային փուլը: Մենք հաջող չսկսեցինք, բայց վերջին խաղը լավատեսություն ներշնչեց: Պետք է լավ տրամադրվենք:

Ռոման Բերեզովսկին հայկական ֆուտբոլի լեգենդն է: Գաղտնիք չէ, որ երկրպագուները չէին ցանկանում, որ նա հեռանար: Դժվար չէ՞ր փոխարինել նման ֆուտբոլիստի:

Գրեթե մեկ տարի առաջ էր դա: Գերբնական բան չզգացի, երեւի նրանից է, որ կարծում էի՝ մեկ օր ինչ-որ մեկը փոխարինելու է նրան: Պատասխանատվություն զգում էի ոչ թե Բերեզովսկուն փոխարինելու համար, այլ որ խաղալու եմ Հայաստանի ազգային հավաքականում: Իմ մեկնարկում  շատերն ինձ օգնեցին:

Ինչպե՞ս ես վերաբերվում քննադատությանը: Դու շատ լավ խաղացիր Դանիայի հետ, բայց ունեցել ես ոչ այդքան լավ խաղեր: Քեզ հիմնականում մեղադրում են վստահություն չունենալու մեջ:

Ընդունում եմ իմ թույլ կողմերը: Ռումինիայի հետ խաղում սխալ թույլ տվեցի, կային նաեւ այլ սխալներ: Բայց վստահությունը գալիս է փորձի հետ: Ինձ դժվար է Հայաստանի առաջնությունից հետո խաղալ Հայաստանի հավաքականում: Հենրիխ Մխիթարյանին այդ հարցում ավելի հեշտ է: Եթե խաղայի բարձրակարգ թիմում, ոչ ստաբիլ խաղը ինձ չէին ների: Եթե կարողանայի փոխել առաջնութունը, ապա կարող էի դառալ ավելի բարձրակարգ ֆուտբոլիստ:

Երբ եկար Հայաստան, մամուլում հաճախ էին գրում, որ տեղափոխվելու ես տարբեր ակումբեր՝ Ռուսաստանի, հետո եվրոպական ակումբեր: Ո՞վ է հիմա զբաղվում քո գործերով:

Այժմ չունեմ գործակալ:

Չե՞ս կարծում, որ առանց գործակալ դժվար կլինի լավ թիմ գտնել: Սկաուտները Հայաստան հազվադեպ են գալիս:

Կարծում եմ՝ իմ հնարավորությունը հավաքականում լավ հանդես գալն է: Եթե չեմ սխալվում, Յուրա Մովսիսյանը նույնպես «Կրասնոդարի» ղեկավարների ուշադրությունը գրավեց Հայաստանի հավաքականում խաղալիս:

Հայաստանի առաջնությունում հանդես են գալիս վեց թիմեր: Հավաքականը տարեկան անցկացնում է 5-6 խաղ: Ինչպե՞ս պետք է բարձրացնես կարգդ:

Այստեղ դեր է խաղում հոգեբանական գործոնը: Պետք է միշտ կենտրոնացած լինես ու օգտագործես հմտություններդ կարեւոր խաղերում: Հայաստանի առաջնությունում դժվար է նոր բան սովորել, սակայն օրինակ մեր թիմում կան շատ լավ ֆուտբոլստներ, ումից կարելի է սովորել:

Դու Հայաստանի հավաքականի գլխավոր դարպասապահն ես, բայց «Ալաշկերտում» Գեւորգ Կասպարովի հետ հերթով եք խաղում: Ինչպե՞ս ես դրան նայում:

Ես հավաքականում էլ ունեմ մրցակցություն: Թիմում ոչ բոլոր խաղերին եմ մասնակցում, բայց մրցակցությունը միայն օգնում է: Եթե ստաբիլ չխաղաս, կհայտնվես պահեստայինների նստարանին: Ալաշկերտում այդ հարցում լավ է: Ամեն մեկը պետք է ապացույցի  խաղալու իր իրավունքը:

Մոնտենեգրոյի հետ խաղից առաջ խոսում էին, որ գուցե դու չես պաշտպանելու դարպասն այդ խաղում:

Ես նման բան չեմ լսել: Կարծում եմ՝ դա ենթադրությունների թեմա չէ: Համենայնդեպս, ինձ նման բան չեն ասել:

Նախորդ տարի հավաքականը ունեցավ ընկերական հանդիպումներ ԱՄՆ-ում, դու լավ հանդիպում անցկացրիր Դանիայի հետ, եղավ Մոնտենեգրոյի հետ դիտարժան խաղը: Ո՞րն էր քեզ համար ամենից հիշվողը:

Չեմ ցանկանա ինչ-ոչ մեկն առանձնացնել, բայց եթե պետք է ընտրեմ, առաջինը կնշեի Բելառուսի հետ խաղը՝ իմ դեբյուտը: Դա հուզիչ պահ էր: Իսկ Մոնտենեգրոյի հետ վերջին խաղը կարծում եմ ոչ միայն կմնա հայ երկրպագուների հիշողության մեջ, այլ նաեւ կդառնա հայկական ֆուտբոլի պատմության էջերից մեկը:

Ի՞նչ տվեց հավաքականի գլխավոր մարզիչի փոփոխությունը թիմին:

Մենք վաստակեցինք երեք միավոր: Արթուր Պետրոսյանի հետ ես մինչ այդ էլ էի ծանոթ, երբ նա աշխատում էր Շալանդի հետ: Ես դեռ այն ժամանակ էի ուրախ նրա նշանակմանը, քանի որ գիտեի նրան, որպես Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուներից մեկի: Նա մեծ աշխատանք կատարեց այս կարճ ժամանակում: Նա ավելի շատ մեզ հետ հոգեբանորեն աշխատեց: Ինձ համար դա ավելի կարեւոր է, քան տակտիկական աշխատանքը: Մենք պարտվում էինք, բայց չընկճվեցինք: Նա մեզ չէր կշտամբում, չէր գոռում մեր վրա, պարզապես նա իր աշխատանքն էր անում:

Իսկ մարզիչներ կայի՞ն, որ գոռում էին:

Ամեն տեսակի մարզիչ կա, եւ ամեն մեկն ունի իր ոճը: Կա մարզիչ որը կառուցում է իր աշխատանքը խարիզմայի վրա, ինտելեկտի, էմոցիաների: Մարզիչն էլ է մարդ եւ կարող է իրեն չզսպել եւ դժգոհել ֆուտբոլիստից: Հիմնականում դա լինում է խաղից հետո: Այդ իսկ պատճառով Արթուրի վերաբերմունքը շատ ընկերական էր մեր հանդեպ: Նա չէր քննադատում, նա ոգեշնչում էր:

Իսկ ինչպե՞ս էր քեզ աշխատել Աբրահամ Խաշմանյանի հետ:

Խաշմանյանը թիմը դարձրեց չեմպիոն, նրա ղեկավարությամբ մենք լավ էինք հանդես գալիս: Այս մրցաշրջան ամեն բան չի որ ստացվում էր, բայց մենք առաջատարից շատ հետ չենք:

Կա՞ ինչ-որ արարք քո կարիերայում, որի համար զղջում ես:

Հնարավոր է ինչ-որ տեղ պետք էր ավելի համբերատար լինեի, բայց ճակատագրական սխալներ կարծում եմ՝ չեմ արել: Ինձ համար ճակատագրական եղավ Հայաստան գալու որոշումը, եւ դա ճիշտ որոշում էր:

Ինչպիսի՞ նախասիրություններ ունես ֆուտբոլում:

Մանկուց սիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդը»:

Կլասիկոյի ժամանակ, ո՞ր թիմին ես ավելի շատ համակրում:

Երբ Բեքհեմը խաղում էր Մադրիդում, ես «Ռեալին» էի երկրպագում: Նա իմ սիրած ֆուտբոլիստն է: Հիմա ավելի շատ ցանկանում եմ դիտել դիտարժան խաղ:

Ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը:

Լիոնել Մեսսին:

Իսկ քո դիրքում:

Երեւի Բուֆոնը, բայց ես սիրում եմ Վան դեր Սարին:

Քո մասին քիչ բան է հայտնի, քիչ հարցազրույցներ ես տալիս: Փորձենք տեսնել ինչպիսին ես կյանքում:. ինտրովերտ ես, թե էքստրավերտ:

Ինտրովերտ:

Ֆատալի՞ստ ես, թե՞ հավատում ես, որ մարդն իր ճակատագրի դարբինն է:

Չեմ կարծում, որ ամեն բան սահմանված է արդեն, բայց չեմ էլ կարծում, որ միայն մարդուց է կախված իր ճակատագիրը:

Մարզիկները հաճախ  կրթված չեն լինում: Գիրք կարդալ սիրո՞ւմ ես:

Չէի ասիր թե գրքամոլ եմ, պահեր կա որ կարդում եմ, պահերը կան,  որ ընդհանրապես չեմ կարդում:

Ունե՞ս սիրած գիրք:

Ունեմ սիրած հեղինակներ՝ Ջեք Լոնդոն, Էրիխ Մարիա Ռեմար: Գրքերից  հավանում եմ նրա «Երեք ընկերները»:

Սիրած ֆիլմը:

Սիրում եմ պատմական, արկածային ֆիլմեր, ինչպես նաեւ մանրապատումների վրա հինված:

Սիրած դերասանը:

Ջեք Ջիլենհոլը:

Սիրած եղանակը:

Չեմ սիրում ուշ աշունը, սիրում եմ ուշ գարունը:

Հայաստանում սիրած վայրը:

Անցյալ տարի Ծաղկաձորում էինք, դուրս եկավ: Հայաստանի բնությունը շատ գեղեցիկ է:

Սովորե՞լ ես հայերեն:

Կարելի է ասել՝ այո: Հավաքականում տղաների համար հաճախ թարգմանում եմ:

Վերա Մարտիրոսյան