Օրերս Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը Մինսկում մասնակցեց «Զարգացման Գավաթ» մրցաշարին: Մեր պատանիները պարտվեցին բոլոր չորս խաղերում՝ 0-5. 1-4. 1-4 0-3 հաշիվներով: Մրցաշարին հավաքականը մասնակցեց մարզիչ Ռոման Սիմոնյանի գլխավորությամբ: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանը զրուցեց Մ-17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի հետ:
Պարոն Ոսկանյան, երեւի դիտել եք Մ-17 տարեկանների հավաքականի բոլոր հանդիպումները: Ինչո՞ւ այդպիսի մեղմ ասած վատ արդյունք գրանցվեց:
Այո, ես դիտել եմ բոլոր հանդիպումները: Մենք բոլոր խաղերը լավ էինք սկսում եւ գրեթե բոլոր խաղերում սկզբից առավելություն ունեինք: Գոլ բաց թողնելուց հետո խախտվում էր խաղային կարգապահությունը: Այս խաղերը ցույց տվեցին, որ պետք է աշխատենք խաղային կարգապահությունը մինչեւ վերջ պահելու ուղղությամբ:
Ինչո՞ւ այդքան գոլ բաց թողեցիք: Ձեր ղեկավարած ու այս թիմի կազմի ու մարտավարության մեջ մեծ տարբերությո՞ւն կար:
Ոչինիչ չէր փոխվել մեր վերջին խաղերից: Միակ խնդիրը խաղային կարգապահությունն էր: Ես չեմ սիրում պատճառներ բերել, թե առաջնությունը վերջացել էր եւ ֆուտբոլիստները հանգստի մեջ էին գտնվում: Ճիշտ է, դեկտեմբերի 15–ից հավաքվել ենք ու մարզվել, բայց ընկերական խաղ չկարողացանք անցկացնել, որովհետեւ թիմ չկար: Արդեն ասացի, որ արդյունքը վատն էր: Մենք պետք է շուտ շտկենք բոլոր սխալները:
Էլիտ ռաունդին թիմը Դո՞ւք եք ղեկավարելու:
Այս պահին ես եմ թիմի գլխավոր մարզիչը: Չեմ կարող ասել, ով կգլխավորի այդ խաղերում, քանի որ ամեն բան կախված է Մ- 21 տարեկանների հավաքականների վիճակահանությունից :
Իսկ ինչո՞ւ Մինսկում Դուք թիմի հետ չէիք:
Դա կապված էր իմ վատառողջ լինելու հետ: Ես բացի Մ- 17-ը գլխավորում եմ նաև Մ-16-ը, նաեւ Մ-21-ն ու «Բանանցը»:
Հիշեցնենք, որ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը էլիտ ռաունդի մրցաշարում ընդգրկված է առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Գերմանիայի, Թուրքիայի և Ֆինլանդիայի հավաքականները: Մրցաշարը կանցկացվի Թուրքիայի Անթալիա քաղաքում: Հանդիպումները կկայանան մարտի 23-ին, 25-ին և 28-ին:
Վերա Մարտիրոսյան





























