Ցանկանում էի ուժերս փորձել հայկական ֆուտբոլում, որպեսզի ավելի մոտ լինեմ հայկական ֆուտբոլին ու հավաքականին: Այս մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմեց Սլովակիայի «Կամարնո» թիմի հարձակվող Վահագն Միլիտոսյանը:

Հիշեցնենք, որ Միլիտոսյանը, երկար տարիներ հանդես գալով Ֆրանսիայի տարբեր լիգաներում, ուներ խնդիր փաստաթղթերի հետ: Նա մեկ անգամ 2014-ին մասնակցել էր Հայաստանի ազգային հավաքականի հավաքաքին Շվեյցարիայում, մեկ անգամ էլ միացել էր  Մ - 21տարեկանների Ֆրանսիայում:

«Նախորդ տարի ես ստացա Ֆրանսիայի քաղաքացիություն, լուծվեցին փաստաթղթային հարցերս: Դեկտեմբերին եկա Հայաստան: 16 տարի չէի եղել:  Ցանկանում էի այդտեղ խաղալ, որպեսզի ավելի մոտ լինեմ հայկական ֆուտբոլին, ակումբներին, հետագայում էլ գուցե հնարավորություն ստանամ հավաքականում խաղալու: Սկզբում դիմեցի «Փյունիկ» ակումբին: Ասացին, որ կարող եմ իրենց հետ մարզվել, բայց զգացի, որ նոր ֆուտբոլիստի կարիք չունեն: Ասացին, որ արդեն ունեն հարձակվող: Դա Վարդան Պողոսյանն է: Հետո դիմեցի «Ալաշկերտին»: Գիտեին իմ մասին: Ասացին, որ մնամ մինչեւ հունվարի 25–ը «Արարատի» հետ խաղը, որպեսզի ինձ տեսնեին գործի մեջ, բայց ես այդքան սպասել չէի կարող: Այդ պայմանագիրը չլինելու դեպքում, գուցե մնայի առանց թիմ: Ես ընդգրկվել էի Սլովակիայի երրորդ լիգայի լավագույն 11 ֆուբոլիստների ցանկում եւ ճանաչվել էր լիգայի լավագույն հարձակվող: Ինձնով հետաքրքրվում էին այլ ակումբներ: Վերադարձա Սլովակիա ու փոխեցի թիմս: Այժմ հանդես եմ գալիս «Կամարնո» թիմում, որը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այստեղ թե պայմաններս են ավելի լավ, թե ֆինանսապես ավելի լավ է»,-ասաց ֆուտբոլիստը:

Վերա Մարտիրոսյան