Տվյալ պահին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օրը նշանակված է ապրիլի 2-ին. ժամանակացույցը հաստատված է, գործառույթներն իրականացվում են սահմանված կարգով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Անդրադառնալով այն հարցին՝ խորհրդարանական ընտրությունների օրվա հնարավոր տեղափոխությունը կասկածի տակ չի՞ դնի ընտրական գործընթացի լեգիտիմությունը՝ հաշվի առնելով նոր ժամանակացույցով միջոցառումների անցկացումը եւ հին ժամանակացույցով արդեն անցկացված միջոցառումները, Տիգրան Մուկուչյանը նշեց. «Նման խնդիրների կամ հարցերի դեպքում մեր խնդիրը միշտ մեկն է՝ երբ ինչ-որ հանգամանք է առաջանում, մենք ներկայացնում ենք այդ հանգամանքով պայմանավորված մեր իրավական դիրքորոշումը: Տվյալ պահին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օրը նշանակված է ապրիլի 2-ին: Ժամանակացույցը հաստատված է, գործառույթներն իրականացվում են սահմանված կարգով»:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ դեմ չէ խորհրդարանական ընտրությունները 4-5 օրով հետաձգելուն, սակայն խորհուրդ է տվել սպասել, երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները՝ այդ հարցում նրանց հետ համաձայնության գալու համար: