Միացյալ Թագավորության ու Հայաստանի միջեւ շարունակվում են համապարփակ երկկողմ հարաբերությունները, որոնցում նշանակալի դեր ունի պաշտպանության ոլորտը: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, Հայկական բանակի 25-ամյակի առթիվ իր շնորհավորական ուղերձում նշել է Հայաստանում Միացյալ Թագավորության պաշտպանության գծով կցորդ, Թագավորական ծովային հետեւազորի փոխգնդապետ Դեյվիդ Էթելը:
Ուղերձում ասվում է.
«Հայկական բանակի հիմնադրման 25-րդ տարեդարձի առթիվ ցանկանում եմ իմ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները հղել Հայաստանին:
Միացյալ Թագավորության ու Հայաստանի միջեւ շարունակվում են համապարփակ երկկողմ հարաբերությունները, որոնցում նշանակալի դեր ունի պաշտպանության ոլորտը՝ խրախուսելով մեր երկու երկրների միջեւ համագործակցությունը, բազմաթիվ իդեալների փոխանակումն ու բարձրորակ վերապատրաստումների միջոցով զարգացումը։
Միջազգային առաքելություններում ներդրում ունենալու Հայաստանի պատրաստակամությունը վկայում է աշխարհում իր դերակատարումն ունեցող երկրի մասին եւ մատնանշում այն արժեքները, որոնք կարեւոր են Հայաստանի համար: Շնորհավորում եմ այս նշաձողին հասնելու համար»:




























