«Վլադիմիր Պուտինի հետ Դոնալդ Թրամփի առաջին զրույցի ընթացքում, ինչպես մինչեւ հիմա, ինչ նա ստանձնել է նախագահի պաշտոնը, երկու առաջնորդները կարծես չեն քննարկել այն թեման, որը Ռուսաստանում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում շատերին է մտորելու տեղիք տալիս՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը»,- նշում է The Christian Science Monitor-ի թղթակից Բեն Ռոզենը:
«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին՝ այս մասին խոսելը դեռեւս չափազանց վաղ է»,- Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թրամփը:
Կրեմլի հաղորդման համաձայն՝ Պուտինը եւ Թրամփը խոսել են միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի, իսրայելա-պաղեստինյան հակամարտության, Իրանի միջուկային ծրագրի, Կորեական թերակղզում իրավիճակի եւ Ուկրաինայի ճգնաժամի:
«Չնայած պատժամիջոցների հարցը չի քննարկվել, Ռուսաստանը եւ նրա տնտեսական հատվածը լավատեսորեն են արձագանքել»,- նշում է հոդվածի հեղինակը: Ուղղակի ներդրումների ռուսական պետական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ հեռախոսազրույցը «բիզնեսի եւ ներդրողների համար դրական ազդանշան է դարձել եւ վկայում է մեր երկրների միջեւ համագործակցության վերականգնման հնարավորության մասին, այդ թվում՝ ներդրումային ոլորտում»: Զանգից կարճ ժամանակ անց հիմնադրամը հայտարարել է 10 նախագծերի ստեղծման մասին, որոնք, ինչպես հույս ունի, կարող են ամերիկյան ներդրումները Ռուսաստան ներգրավել:
«Թրամփի վրա ճնշումը, որ նա պատժամիջոցները չմեղմացնի, աճում է եւ՛ Վաշինգթոնում, եւ՛ Եվրոպայի կողմից»,- նշված է հոդվածում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, որն ուրբաթ հանդիպել է Թրամփի հետ, լրագրողներին ասել է, որ պատժամիջոները պետք է այնքան տեւեն, մինչեւ Պուտինը կատարի Մինսկում կնքված խաղաղ համաձայնագրի պահանջները: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւս հեռախոսազրույցում Թրամփին հորդորել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չհանել, հայտնել են նրա աշխատակազմից:




























