ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանի առաջադրվելու հարցը դեռ հստակ չէ:

«Իմ առաջադրվելը հարյուր տոկոսանոց չէ, խնդիրներ կան, դեռ միանշանակ չէ մի շարք պատճառներով, հարցեր կան, որոնք դեռ պետք է պարզվեն: Կուսակցության որոշումն էլ պետք է վերջնական լինի»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գարեգին Նուշիկյանը:

Ըստ պատգամավորի՝ խոչընդոտներից մեկն էլ ընտրակարգի փոփոխությունն է՝ վարկանիշային (տարածքային-խմբ) ցուցակը, որը հնարավորություն է ընձեռում նույն քաղաքական ուժի կողմից  առաջադրել մինչեւ 15 հոգու, ինչը նշանակում է, որ պայքարը լինելու է նույն կուսակցությունից առաջադրված թեկնածուների միջեւ:

«Դա էլ պատճառներից մեկն է, իհարկե, հարցեր կան, որ պետք է ավելի հստակեցվեն, հենց թեկուզ կուսակցության համար՝ որն է ավելի նպատակահարմար, որն է ավելի ճիշտ ընտրացուցակի առումով»,-ասաց պատգամավորը:

Նախնական տեղեկությունների համաձայն՝  Կենտրոն-Էրեբունի-Նորք-Մարաշ  ընտրատարածքում ՀՀԿ ցուցակով առաջադրվելու է նաեւ Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ  Բեգլարյանը: 

Գարեգին Նուշիկյանը նշեց, որ Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու առաջարկ չի ստացել: 

Նշենք, որ Գարեգին Նուշիկյանը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին Կենտրոն համայնքում մի քանի հարյուր ձայնի առավելությամբ հաղթեց «ՍԻԼ» կոնցեռնի ղեկավար Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Սարիբեկ Սուքիասյանին: