Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտը հրապարակել է Օսվենցիմում Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի 8,5 հազար հսկիչների անուններով տվյալների բազան, որոնք ճամբարի հիմնադրումից մինչեւ դրա վերացումը տարբեր տարիների այնտեղ են աշխատել: Նախագծի մանրամասների մասին Կրակովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ինստիտուտի ղեկավար Յարոսլավ Շարեկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ հրապարակումը ուսուցողական նպատակներ ունի, նաեւ արեւմտյան լրատվամիջոցներում հայտնվող «լեհական մահվան ճամբարներ» ձեւակերպման դեմ պայքարի մեթոդ է: Շարեկը նշել է, որ մի շարք դեպքերում այս ձեւակերպման օգտագործումը դառնում է «լեհերի դեմ պատմական քաղաքականություն վարելու տարր»:

Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի էսէսականների անձնական տվյալներով բազան հասանելի կլինի համացանցում: Պատրաստվում է 5 լեզվով տեղեկատվական պորտալ:

Հաղորդվում է, որ տվյալների նոր բազան ամենաամբողջականն է: Անուն-ազգանուններից բացի,  դրանում կպարունակվեն նաեւ անձնական տվյալներ՝ ծննդավայրը եւ ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ազգությունը, ծառայողական համար, աշխատանքի ստաժը, կրթությունը, քաղաքացիությունը: Որոշ գործերում լուսանկարներ կան, նաեւ այն մարդկանց դատավարություններից նյութեր, ում պատերազմից հետո դատել են: նախնական տեղեկություններով՝ ցուցակի մի քանի տասնյակ մարդիկ դեռեւս ողջ են:

Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարում ֆաշիստները գազախցիկներում սպանել եւ դիակիզարաններում այրել են ավելի քան 1 մլն հրեաների, նաեւ լեհ մտավորականության տասնյակ հազարավոր  ներկայացուցիչների եւ խորհրդային ռազմագերիների: