Լապշինի հետ կատարվածը եւ զարհուրելի է, եւ տհաճ. կատարվածի մեջ մեղադրել սեփական ԱԳՆ-ին նշանակում է կամ ինքնանպատակ քննադատություն, կամ իրավիճակին չտիրապետել: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա մասնավորապես, գրել է.

«Եթե Ռուսաստանի եւ Իսրայելի ԱԳ նախարարությունները չեն կարողացել, կամ չեն ցանկացել կարգավորել սեփական քաղաքացու արտահանձման հարցը, մենք, բացի քաղաքական-տեղեկատվական գործողություններից, այլ զինանոց չունենք:

Ինչ անել հիմա: Առավելագույն կերպով փորձել օգտագործել Լապշինի դեպքը քարոզչական դաշտում, բոլոր մակարդակներում: Եվ ռուսական, եւ եվրոպական տիրույթներում թիրախավորել գործի գլխին կանգնած մարդկանց:

Միայն մեկ լրացուցիչ հորդոր՝ չնույնականացնել Լուկաշենկոյին բոլոր բելառուսների եւ Բելառուսի հետ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բելառուսի Գերագույն դատարանը հաստատել է դատախազության որոշումը՝ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին։ Նա հենց երեկ արտահանձնվել է Ադրբեջանին:

Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։

Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը: