Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցում Ադրբեջանի ու Բելառուսի միջեւ պետք է հավասարության նշան դնել: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նա նշել է, որ Բելառուսը առաջին անգամ չէ հակահայ քաղաքականություն վարում, եւ որ այս հարցը լուրջ սպառնալիք է բոլորիս նկատմամբ:

«Սա Բելառուսի կողմից շարունակությունն է Ադրբեջանի հետ հակահայ մեղսակցության, որը մենք տեսել ենք նաեւ ՀԱՊԿ-ում: Սա մեկ քայլ անդին էր: Անհրաժեշտ է, որ այս հարցը բարվոք լուծում ստանա, քանի որ դա կարող է իսկապես սպառնալիք լինել բոլորիս նկատմամբ: Այլազգի լրագրողները, հասարակական գործիչները եթե ցանկանան այցելել Ղարաբաղ, նրանք ինչ երաշխիք կարող են ունենալ, որ նույնը չի լինի նրանց հետ: Մեր հասարակությունը պետք  է իր  ձայնը բարձրացնի: Իսրայելում արդեն ցույցեր են ու դրանք պիտի շարունակվեն: Այս հարցում արդեն պետք է հավասարության նշան դնել Ադրբեջանի եւ Բելառուսի միջեւ, նրանք նույն բանն են անում»,-ասաց նա:

Կիրո Մանոյանի խոսքով՝ ուշադրության է արժանի փաստ է հատկապես այն, որ Ադրբեջանը իր «սեւ ցուցակում» հայտնված ոչ մի անձի հանդեպ այսպիսի վերաբերմունք ցույց չի տվել. «Ադրբեջանի «սեւ ցուցակում» հայտնված եւ ոչ մի անձի հետ այդպիսի դեպք չի եղել: Այս հարցում մինչեւ վերջ պետք է գնալ, պարզելու համար, թե ինչու հենց Լապշինի հանդեպ այսպիսի վերաբերմունք պիտի լիներ»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար:

Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը: