«Անելիք բանկի» իրավաբան 32-ամյա Հովհաննես Աթայանի սպանության գործով մեղադրյալին փետրվարի 16-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից կտեղափոխեն «Աստղիկ» բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 32-ամյա իրավաբանի սպանության գործով մեղադրյալ Մկրտիչ Պողոսյանի կինը՝ Տիկին Կարինեն: Նա նշեց, որ իր ամուսու առողջական վիճակը վատացել է, ունի սրտի հետ կապված խնդիր եւ որոշում է կայացվել նրան ՔԿՀ-ից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու:
Երեւանի Կենտրոն եւ Նարոք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 14-ին գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվել էր՝ քրեական գործում հանրային պաշտպան ներգրավվելու եւ գործով նյութերին ծանոթանալու պատաճառաբանությամբ:
Գործով մեղադրյալ Մկրտիչ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ (Սպանությունը):
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Վարդանանց փողոցում 2015թ. նոյեմբերի 24-ին, ժամը 20:30-ի սահմանում, կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով տեղում մահացել է «Անելիք բանկի» իրավաբան Հովհաննես Աթանյանը, պարզվել էր, որ սպանության մեջ կասկածվում է Մկրտիչ Պողոսյանը, որը նոյեմբերի 25-ին հայտնաբերվել եւ կալանավորվել էր:
Հիշեցնենք, որ NEWS.am-ի հետ զրույցում ավելի վաղ սպանված Հովհաննեսի աները՝ Սամվել Գրիգորյանը, պատմել էր, որ մի քանի տարի առաջ Մկրտիչ Պողոսյանը ֆինանսական խնդիրների պատճառով գրավադրել է իրեն պատկանող հյուրանոցը, իսկ երբ չի կարողացել մարել պարտքը, «Անելիք» բանկը, որի իրավաբանն էր Հովհաննես Աթանյանը, վաճառքի է հանել հյուրանոցը:




























