Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Ներսես Պողոսյանը կմնա անազատության մեջ: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նրա շահերի պաշտպանի՝ Արայիկ Պապիկյանի բողոքն իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
NEWS.am-ի հետ զրույցում Ներսես պողոսյանի քույրը, Վարսիկը, նշեց, որ մեկ շաբաթ տեւած հացադուլից եւ ջրադուլից հետո իր եղբայրը հյուծված է: Նա այժմ հատուկ սննդակարգ է ընդունում, որպեսզի հյուծվածությունից հետո կարողանա կազդուրվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ներսես Պողոսյանը մեկ շաբաթ տեւած ջրադուլով եւ հացադուլով պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:




























