Մարատ ՈՒելդանով-Գալստյանին ադրբեջանական բանտում պահում են ապօրինաբար, առանց որեւէ իրական հիմքերի։
News.am-ի թղթակցի հետ զրույցում Մարատի քույրը՝ Մարիանա Միրզոյանը, նշեց, որ ինքը դիմել է Ռուսաստանի ԱԳՆ, գլխավոր դատախազություն, արդարադատության նախարարություն ու օմբուդսմենին։
«Ստացել եմ պատասխան նամակներ ԱԳՆ-ից, գլխավոր դատախազությունից ու արդարադատության նախարարությունից, որտեղ ասված է, որ իմ դիմումը ընդունված է ու ուղարկված ԱԳՆ, իսկ ԱԳՆ-ն էլ իր հերթին գրում է, որ իմ դիմումը ստացել են ու ուղարկել Բաքվում Ռուսաստանի դեսպանատուն, ու այդպես ամեն անգամ նույն շրջանն է, երբ ես նրանց նամակ եմ գրում։ Իսկ ահա օմբուդսմենից ես ոչ մի պատասխան չեմ ստացել։ Փորձո՞ւմ է արդյոք ռուսական կողմը որեւէ բան ձեռնարկել։ Լավ հարց է․․․որն էլ հենց ես տալիս եմ ԱԳՆ-ին ու Բաքվում Ռուսաստանի դեսպանատանը ու բոլոր նրանց, ում նամակներ եմ գրում՝ խնդրելով օգնություն։ Ես այդպես էլ այս հարցին որոշակի պատասխան չեմ ստացել»,- ասել է Մարիանա Միրզոյանը։
«Ես ուզում եմ, որ Ադրբեջանը ներկայացնի անհերքելի ապացույցներ՝ լուսանկարներ, տեսագրություններ, այլ ոչ թե նրանց գեղարվեստական գրականությունը։ Անցել է 9 ամիս ու եղբորս բանտում են պահում կեղծ մեղադրանքով։ Նա մեղավոր չէ»,- շեշտեց քույրը։
Նախօրեին Մարիանա Միրզոյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ եղբայրը զանգահարել ու հրաժեշտ է տվել հարազատներին։
«Մարատն ինձ մեկընդմիշտ հրաժեշտ տվեց։ Ասաց, որ իրեն այլեւս ծանրոցներ չուղարկեմ ու նամակներ չգրեմ ու որ ինքն այլեւս չի զանգահարի։ Նա ասաց, որ ես այլեւս եղբայր չունեմ ու որ իմ ծնողներն այլեւս որդի չունեն։ Մարատը սկսեց արտասվել ու «խոսափողը անջատեցին»,- պատմել էր Մարինա Միրզոյանը։
Ուելդանով- Գալստյանը ավստրիական Do&Co ընկերության աշխատակիցն է, որը զբաղվում է այլ եկրներում սննդի կազմակերպումով, իսկ Բաքու գործուղման էր մեկնել։ Ուելդանով –Գալստյանի քույրը "ՌՈւսԱՄ․ինֆո» կայքի հետ զրույցի ժամանակ հայտնել էր, որ ավստրիական ընկերությունը 2016-ի հունիսի 6-ին նրան գործուղել էր Բաքու, ուր ժամանելուց հետո նա այլեւս կապ չի հաստատել։ Նրան մեղադրում են խոշոր չափերի թմրադեղերի, հոգեմետ նյութերի ապօրինի պատրաստման, արտադրման, ձեռքբերման, պահման, տեղափոխման, կամ իրացման մեջ։
Ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով, Բաքվում ՌԴ դեսպանատունը կալանավորվածի ազգականներին առաջարկել է ըմբռնումով վերաբերվել այդ երկրի յուրահատկություններին, որտեղ «հայկական ծագումը ծայրաստիճան դժվարացնում է նրա պաշտպանությունը» ։
Նշենք, որ Ադրբեջանում թմրադեղերի ապօրինի շրջանառության մեջ մեղադրանքը օգտագործվում է քաղբանտարկյալներին ու ռեժիմի համար մյուս անցանկալի մարդկանց բանտ նստեցնելու համար։




























