Սկանդինավյան երկրները կխորացնեն համագործակցությունը Ռուսաստանի կողմից բխող սպառնալիքի ու անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի պարտականությունների հետ կապված անորոշության ֆոնին։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտնել է Մարգոտ Վալսթրյոմը, Շվեդիայի ԱԳ նախարարը։
«Մենք հիմա ավելի շատ ենք քննարկում, թե ինչպես ուժեղացնենք սկանդինավյան երկրները»,- ասել է նախարարը։
«Հինգ սկանդինավյան երկրները ուժեղացնում են իրենց պաշտպանական համագործակցությունը, քանի որ մտահոգված են Ռուսաստանի մտադրություններով, նաեւ սկանդինավյան ջրերում սուզանավերի պարբերական մանեւրներով» , ասվում է հոդվածում։
«Թրամփի ընտրվելուց հետո Շվեդիան բարդ վիճակում է հայտնվել,- շարունակում է հոդվածագիրը,- ԱՄՆ-ի հետ երկկողմանի հարաբերությունները շատ կարեւոր են եղել Ստոկհոլմի համար։ Սակայն ՆԱՏՕ-ի վերաբերյալ Թրամփի բացասական արտահայտությունները խնդիր են դարձել նաեւ շվեդական աջցենտրիստական ընդդիմադիր կուսակցությունների համար, որոնք կողմ են ՆԱՏՕ-ին անդամակցությանը»։
«Բրեքսիթն» էլ իր հերթին է տարակուսանք առաջացրել Ստոկհոլմում։ «Մեր տարածաշրջանում շատերը վախ են զգում, երբ մտածում են, թե ինչ կարող է դա նշանակել,- ասել է Վալսթրյոմը,- Ահա թե ինչու մենք պետք է ուժեղացնենք մեր համագործակցությունը Բալթիկ ծովում ու մանավանդ մեր սկանդինավյան հարեւանների հետ»



























