Կրթությունը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում պետք է լինի մրցունակ: Այս մասին, փետրվարի 15-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա (ՃԿՊԱ) այցելության ժամանակ նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանի եւ ակադեմիայի ռեկտոր գեներալ-մայոր Հ. Մաթեւոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ակադեմիայի լսարաններով ծանոթացել ԲՈՒՀ-ի ուսումնական ծրագրերին եւ տեխնիկական հնարավորություններին, մասնավորապես՝ խաղարկային եւ սիմուլյացիոն սենյակների հագեցվածությանը, որտեղ իրականացվում են իրավիճակային խաղեր եւ պրակտիկ ուսուցում:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ակադեմիայի ուսումնական ծրագրի հագեցման եւ բարելավման հնարավորությունները: Նախարար Տոնոյանը հատկապես կարեւորել է ապագա փրկարարների ֆիզիկական պատրաստվածության խնդիրը՝ շեշտելով վարժանքների կենտրոնի ստեղծման կարեւորությունը, ինչը զարկ կտա նաեւ ակադեմիայում կիրառական սպորտի զարգացմանը: Նախարարն անդրադարձել է նաեւ փրկարարների ուսուցմանը առաջին բժշկական օգնության ցուցաբերման հարցում՝ նշելով, որ այս բնագավառում անելիքներ շատ կան եւ հարկավոր է ներդնել միջազգային փորձը:

«Կրթությունը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում պետք է լինի մրցունակ»,-ասել է նախարար Տոնոյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ միջնակարգ դպրոցների կրթական համակարգում անվտանգության մշակույթի ներդրման նորարարական մեխանիզմների եւ մոտեցումների կիրառումը: Նախարար Տոնոյանը հանձնարարել է համագործակցել «dasaran.am» վեբ-հարթակի հետ՝ երեխաների համար անվտանգության կանոնները քարոզող եւ ուսուցանող էլեկտրոնային նյութեր եւ խաղ մշակելու նպատակով:

Քննարկվել է ակադեմիայում սոցիալապես անապահով ուսանողների ուսման վճարների սուբսիդավորումը, ինչպես նաեւ՝ 2016թ.-ի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ մարտական հերթապահության մեջ ներգրավված երիտասարդներին ակադեմիայում ուսանելու որոշակի արտոնություններ տրամադրելու հնարավորությունները:

Նախարար Տոնոյանն անդրադարձել է նաեւ ակադեմիայի շրջանավարտների աշխատանքի տեղավորման հարցերին՝ կարեւորելով լավ պատրաստված կադրերի հոսքը ակադեմիայից ԱԻ նախարարություն:

Նշվում է, որ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան տարեկան ունենում է  մոտ 220 շրջանավարտ: