Կուալա-Լամպուրի օդանավակայանում Կիմ Չեն Նամի ենթադրյալ մարդասպանին հինգ վայրկյան է անհրաժեշտ եղել՝ նրան թունավորելու համար։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր մահվան այսպիսի տարբերակ է առաջ քաշել New Straits Times պարբերականը։

Պարբերականը գրում է, որ ըստ տեսախցիկներից ստացված տվյալների՝ թռիչքի տերմինալում երկու կանայք երկար ժամանակ հետեւել են իրենց օբյեկտին՝ հարմար պահ ընտրելով, երբ նրա շուրջը մարդաշատ չի լինի։ Հետո կանանցից մեկը սկսել է խոսել նրա հետ, իսկ մյուսը՝ հետեւում կանգնած՝ թունավորել է նրան։ Սակայն դեռեւս հստակ չէ՝ ինչ կերպ է թույնը ներթափանցել Կիմ Չեն Նամի մարմնի մեջ։ Դրանից հետո կանայք լքել են տերմինալն ու տաքսիով անհետացել։

«Ամբողջ գործողությունը հստակ ծրագրված եւ անթերի իրականացված է եղել։ Եթե տեսախցիկնեը չլինեին, հարձակվողներին հազիվ թե հնարավոր լինել պարզել», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը։

Մալայզիայի իրավապահ մարմինները երեքշաբթի օրը հաստատել են Կիմ Չեն Նամի մահվան լուրը, ով իրեն վատ է զգացել օդանավակայանում եւ մահացել հիվանդանոցի ճանապարհին։

Կիմ Չեն Նամը Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի որդին է՝ ծնված հյուսիսկորեացի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտաամուսնական կապից։ 2001-ի մայիսից ի վեր, երբ փորձել է կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնել, Կիմ Չեն Նամը ընտանիքի հետ բնակվել է Մակաոյում։