Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը երկրի նախկին ղեկավարության խոհարարին թույլատրել է Փհենյանում սեփական ռեստորան բացել, նշված է NHK-ի կայքում:
Հաղորդվում է, որ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Ճապոնիայի եւ Հյուսիսային Կորեայի համար ճապոնահպատակի կողմից ռեստորանի բացումը հազվադեպ իրադարձություն է:
Խոսքը Կենձի Ֆուձիմոտո կեղծանունով խոհարարի մասին է, որը 13 տարի (1988-ից մինչեւ 2001 թվականը) եղել է Կիմ Չեն Իրի՝ գործող նախագահի հոր անձնական խոհարարը:
Առայժմ հայտնի չէ, թե ինչու է Հյուսիսային Կորեայի նախագահը ճապոնացուն թույլ տվել ռեստորան բացել:
Ֆուձիմոտոն Հյուսիսային Կորեայում ապրելու տարիների մասին մի քանի գիրք է գրել եւ Ճապոնիայի ու մի քանի այլ երկրների հետախուզությունների համար տեղեկատվության կարեւոր աղբյուր դարձել: Նրա շնորհիվ է առաջին անգամ հայտնի դարձել Կիմ Չեն Ընի գոյության մասին:
2016-ի ապրիլին 4 տարուց հետո առաջին անգամ Ֆուձիմոտոն այցելել է Փհենյան եւ հանդիպել Ընի ու նրա քրոջ՝ Կիմ Յո Չժոնի հետ:




























