ՀՀ կրթության եւ գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը պետք է տեղյակ լինի կրթության ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերին, հետեւաբար յուրաքանչյուր նիստին կներկայացվեն իրականացվող հիմնական նախագծերը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում նշել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

«Արարատյան բակալավրիատը թերեւս մեր ամենակարեւոր աշխարհայացքային նշանակության փոփոխություններից մեկն է: Ներկայումս մշակվում է ՀՀ կրթակարգը, որի շրջանակում փորձում ենք այլընտրանք հասկացողությունից խուսափել, այսինքն՝ բացել կրթական պլատֆորմը՝ ցանցային ձեւաչափով, հորիզոնական եւ ուղղահայաց կապեր ստեղծել եւ այդ պլատֆորմ հրավիրել բոլոր այն արդյունքները, որոնք կրթության ոլորտում իրականացվում են: Այսինքն՝ Գերազանցության կենտրոնները պետք է ունենան շոգեքարշի դեր, հետեւաբար մենք ոչ թե ստեղծում ենք էլիտար կառույցներ, որոնք ընդհանուր համակարգից կկտրվեն, այլ բոլոր այդպիսի կենտրոնները, կլինի դա Արարատյան բակալավրիատը, Ֆիզմաթ դպրոցների ցանցը, Քվանտի կրթական ծրագիրը, ուղղահայաց ձեւով կդասավորվեն կրթական համակարգում: Ի դեմս Արարատյան բակալավրիատի՝ առկա է 10-ամյա քրտնաջան եւ հետեւողական աշխատանք, որի արդյունքում ստեղծված եւ մեր ազգային կրթակարգն ընդգրկող հայալեզու կրթական ծրագիրն այսօր ճանաչվել է միջազգային երկու գերազանցության կենտրոնների կողմից»,-նշել է նախարարը:

Նրա խոսքով, այդ կազմակերպություններն առաջին անգամ են օտարալեզու համազոր ծրագիր ճանաչում. «Այլ խոսքով՝  ունենք մեր կրթակարգին համապատասխան բարձր որակական աստիճան եւ բացելով այդ համակարգը՝ հանրակրթական դպրոցներին տալիս ենք հնարավորություն՝ որոշակի շրջափուլ անցնելով՝ մոտենալ այդ որակին: Ներկայումս աշխատում ենք այդ ուղղությամբ, եւ որտեղ հնարավոր է, ծրագիրն իջեցնում ենք ներքեւ, որի արդյունքում այն դառնում է աշխատող: Այս փուլում ընտրվել է մարզային 54 դպրոց, որոնց հետ պետք է փորձենք աշխատել: Եթե կարողանանք համակարգը սահուն անցկացնել, մեր ընդհանուր ձեւաչափի մեջ կլինի մի միջին մակարդակ, որը կունենա պիկեր: Սակայն արդյունքը պետք է հասանելի լինի բոլորին, հաղթահարելի՝ անգամ ամենափոքր գյուղական դպրոցի համար: Հիմա ամենաբարդ փուլն է՝ ուսուցիչների վերապատրաստում, որակի պահպանում եւ այլն: Նույնը պատրաստվում ենք անել ֆիզմաթ դպրոցների հետ՝ արդեն ուղղված բնագիտական առարկաների կոմպլեքս պահպանման  գերազանցության ծրագրին: Հիմա ծրագրի մեկնարկին ենք. ունենք առարկայական նկարագիր, առաջին վերապատրաստված ուսուցչական կազմ, բայց ավելի խորքային ռեֆորմի խնդիր ունենք: Բայց նաեւ պետք է արհեստականորեն չշտապեցնել համակարգը, որովհետեւ պարտավոր ենք ընդհանուր միջին ստանդարտը պահել, որը պետք է աստիճանաբար բարձրացնել եւ անկումները վերացնել»:

Նիստի առաջին զեկուցող, Կրթության գերազանցության ազգային ծրագրի աշխատակազմի ղեկավար Նարեկ Մանուկյանը ներկայացրել է «Գերազանցության կենտրոններ/Արարատյան բակալավրիատ/» շնորհանդեսը: Որպես ԱԲ-ի ծրագրի հաջողության գրավական` նշվել են փորձարկված ծրագիր, միջազգայնորեն ճանաչված ծրագիր, կառավարության գերակայություն, իսկ որպես ԱԲ-ի դպրոցի` նախաձեռնողականություն եւ պատրաստակամություն: «Դպրոցների ընտրության համար սահմանվել են հետեւյալ նախապայմանները` դպրոցը պետք է տեղակայված լինի ՀՀ մարզերում եւ այն պետք է լինի  միջնակարգ եւ ավագ դպրոց, վարժարան եւ կրթահամալիր: Մրցույթին չեն կարող մասնակցել հատուկ կամ մասնագիտացված դպրոցները։ Միեւնույն մարզի միանման դպրոցների դիմելու դեպքում նախընտրությունը կտրվի այն դպրոցին, որն ունի նշանակալի աշակերտական եւ ուսուցչական ձեռքբերումներ վերջին երեք տարիների ընթացքում, ակտիվ դերակատարություն համայնքային կյանքում, ավելի մեծ թվով աշակերտներ։ Թեկնածության փուլի ավարտին ակնկալվում է ունենալ բարեփոխված կառավարման համակարգ, հավաստագրված ուսուցիչներ, բարելավված կրթական միջավայր»,-նշել է բանախոսը` ընդգծելով, որ ներկայումս դիմում-հայտ է ներկայացրել ՀՀ մարզային` ավագ բաղադրիչ ունեցող 54 դպրոց /44 տոկոս ավագ, 3 տոկոս` միջնակարգ դպրոց, 27 տոկոս` վարժարան/: Անդրադառնալով այն խնդրին, թե ինչ կտա Արարատյան բակալավրիատն ուսուցիչներին, Նարեկ Մանուկյանը նշել է, որ կտա աշխատանք ԱԲ-ի համակարգի դպրոցներում, կարիերայի աճ եւ ստեղծարար միջավայր, աշխատավարձի բարձրացում, ինչպես նաեւ մասնագիտական համայնքին անդամություն: