Ֆրանսիայի Օբ դեպարտամենտում ծխախոտի վաճառողները բողոքի ակցիա են կազմակերպել ծխախոտի ընդհատակյա վաճառքի դեմ՝ Տրուայի քաղաքապետարանի դիմաց թափելով ավելի քան մեկ տոննա գազար, հայտնում է Figaro թերթը։
Հունվարի վերջին նման բողոքի ակցիա էր կազմակերպվել նաեւ Փարիզում, այն ժամանակ էլ երկու տոննա գազար էին թափել փողոցում։ Ակցիան այն ժամանակ մետրոյի «Բարբե Ռոշեշուար» կայանի մոտակայքում էր, որտեղ, ըստ վաճառողների, «Ֆրանսիայի ծխախոտի ամենամեծ սեւ շուկան է գտնվում»։ Այդ թաղամասում աշխատում են տասնյակ ապօրինի վաճառողներ, որոնք մաքսանենգ ճանապարհով ներմուծված ապրանք են վաճառում։ Նրանք մեկ տուփ ծխախոտը վաճառում են 5 եվրոյով, մինչդեռ պաշտոնական կրպակներում դրանց գինը 7 եվրո է։
Իսկ գազարը ծխախոտ վաճառողների մասնագիտական խորհրդանիշնէ։ Իր ձեւով այդ բանջարեղենը հիշեցնում է այն ցուցանակը, որը ամրացվում է ծխախոտի վաճառքի վայրերում՝ կարմրանարնջագույն ձգված կոն։
«Սեւ շուկան դարձել է աղետալի երեւույթ Ֆրանսիայի ծխախոտ վաճառողների համար։ Իսկ Օբ դեպարտամենտի վրա այդ երեւույթը առանձնապես ուժեղ է անդրադարձել»,- մեջբերում է թերթը Օբի ծխախոտային արտադրանքի վաճառողների արհմիության ղեկավար Պասկալ Բրիեին։




























