Ավստրիան դատի է տվել Airbus Defence and Space GmbH եւ Eurofighter Jagdflugzeug GmbH ընկերություններին՝ Eurofighter կործանիչների գնման կապակցությամբ։ Երկրի պաշտպանության նախարար Հանս Պետեր Դոսկոզիլի խոսքով, մինչեւ 2016-ի վերջ Ասվտրային հասցվել է 1․1 մլրդ եվրոյի վնաս, փոխանցում է DW-ը։
Նախարարի խոսքով 2002-ից սկսած՝ դեռ մինչեւ գործարքի կնքումը երկու ընկերություններն էլ գիտակցաբար ոչ հավաստի տեղեկություններ են ներկայացրել օդանավերի սարքավորվածության ու մատակարարման ժամկետների մասին։ Բացի դրանից կործանիչների տեխնիկական սպասարկումը սպասվածից թանկ է եղել։ Եթե ավստրիական իշխանությունները գործարքը կնքելիս իմանային այդ մասին՝ նախապատվությունը կտային շվեդական Saab ընկերությանը։
2003-ին Ավստրիան պայմանագիր էր կնքել մոտ 2 մլրդ եվրո արժողության 18 Eurofighter կործանիչների մատակարարման մասին։ Կառավարության փոփոխությունից հետո ՎԻեննան փորձել է չեղարկել գործարքը։ Արդյունքում 2007-ին Ավստրիային հաջողվել է պայմանավորվել Airbus–ի հետ՝ օդանավերի քանակը մինչեւ 15-ը նվազեցնելու մասին։
Բացի դրանից հայտնվել էին նաեւ տեղեկություններ գործարքի կնքման շուրջ կոռուպցիայի հնարավոր դեպքերի մասին։ Վիեննայում սկսվել է հետաքննություն՝ լիազորությունների չարաշահման ու փողերի լվացման կասկածանքով։



























