ԱՄՆ Հարվարդի համալսարանի գիտնականները վերջերս սենսացիոն հայտարարություն են արել։ Նրանք խոստացել են, որ մի քանի տարուց Երկրի վրա նորից մամոնտներ կհայտնվեն։ Այս բացառիկ նախագիծը իրականացնելու համար ծրագրվում է խաչասերել փղի ու նախապատմական հսկայի ԴՆԹ-ն, իսկ հետո սաղմից կենդանի արարած աճեցնել, հայտնում է The Independent–ը։

Նախօրեին կայացել է ԱՄՆ գիտության աջակցության ասոցացիայի ժողովը։ Ամերիկացի հետազոտողները զեկուցել են ներդրողներին իրենց մոտակա աշխատանքային ծրագրերը։ Պարզվում է, որ գիտնականները հայտնաբերել են անմիջական ազգակցական կապ ասիական փղի ու մամոնտի միջեւ՝ նրանց ԴՆԹ-ները զարմանալիորեն նման են։ Դրա հիման վրա էլ որոշում են կայացրել նման զարմանալի փորձ կատարել։

ԳԻտնականները մամոնտի ԴՆԹ-ի մի մասը տեղադրել են փղի համապատասխան մոլեկուլի ներսում։ Հիմա փորձում են ստանալ այդ երկու կենդանիների հիբրիդի սաղմը։ Եթե փորձը հաջող անցնի, ապա շուտով կհայտնվի նոր տեսակ, որը կունենա միլիոնավոր տարիներ առաջ անհետացած մամոնտների նման խիտ բուրդ, փոքր ականջներ ու հաստ ենթամաշկային ճարպի շերտ։ Գիտնականները հետագայում մտադիր են վերստեղծել նաեւ մյուս անհետացած կենդանիներին, որպեսզի բազմազան դարձնեն մեր մոլորակի ֆաունան։