10 հազար մետր վազքի Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի քառակի չեմպիոն, բոլոր ժամանակների մեծագույն ստայեր` երկար տարածությունների վազորդ եթովպիացի Հայլե Գեբրեսելասիեն Նյու Յորքի մարաթոնը վնասվածքի պատճառով չավարտելուց հետո հայտարարել է մեծ սպորտից հեռանալու մասին, հաղորդում է AP-ն:
«Ես երբեք չէի մտածել սպորտից հեռանալու մասին: Այդ միտքը ծագեց առաջին ու վերջին անգամ, եւ ես ավարտում եմ ելույթներս մարզական ասպարեզում: Չեմ ուզում, որ այլեւս վնասվածքի պատճառով ժամանակից շուտ ավարտեմ մրցումը: Այդ պատճառով ես այսպիսի որոշում ընդունեցի»,- ասել է հռչակավոր մարզիկը:
Գեբրեսելասիեն 2008թ. սեպտեմբերի 28-ին Բեռլինում բարելավեց մարաթոնյան վազքի համաշխարհային նվաճումը: 1995-ին եւ 1998-ին եթովպիացին ճանաչվել է աշխարհի լավագույն աթլետ:




























