Մի քանի շաբաթից պատրաստ կլինի Հայաստանում նախընտրական շրջանի մասի միջանկյալ զեկույցը, որը նախնական գնահատականներ կպարունակի: Փետրվարի 21-ին այս մասին հայտարարեց ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յան Պետերսենը:
Նրա խոսքով՝ իրենց առաքելությունը Հայաստանում սկսել է աշխատել երեկվանից: «Մենք արդեն հանդիպել ենք Հայաստանի նախագահի եւ ԿԸՀ անդամների հետ: Մեր հիմնական թիմը 14 փորձագետից է կազմված, որոնք ներկայացնում են 13 երկրներ: Հաջորդ շաբաթ մեզ կմիանան եւս 28 երկարաժամկետ դիտորդներ»,- ասել է Պետերսենը:
Ընտրությունների օրվան ավելի մոտ ժամանակաշրջանում առաքելությունը կհամալրվի 250 կարճաժամկետ դիտորդներով: «Մենք Հայաստանում դիտորդական առաքելություն ենք իրականացնելու 11-րդ անգամ: Մեր անկողմնակալ ենք: Դիտարկելու, գնահատելու եւ երաշխավորություններ ենք ներկայացնելու»,- ընդգծել է Յան Պետերսենը:
Քվեարկության հաջորդ օրը, ըստ դեսպանի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը նախնական գնահատականներ կներկայացնի: «Իսկ երկու ամիս անց մեր գնահատականների հիման վրա վերջնական զեկույց կպատրաստվի: Այն որոշակի երաշխավորություններ կպարունակի: Դրանք հաշվի առնելն ու որոշակի եզրահանգումներ անելն արդեն Հայաստանի իշխանությունների գործն է»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ստացել են Հայաստանի ԱԳ նախարարությունից:



























