ՀԱՊԿ-ում խնդիրներ եւ տարաձայնություններ կան, բայց կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն արդարացված է: Փետրվարի 21-ին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ նրա գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մասնակցում էր ԼՂՀ-ում անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դիտարկմանը:
Շարմազանովը հիշեցրել է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, այդ թվում՝ ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ նախագահի մակարդակով, որ կազմակերպությունում դաշնակիցներ կան, որոնք իրենց դաշնակցի նման չեն պահում: «Այդ մասին նախագահը խոսեց ապրիլյան իրադարձություններից հետո»,- նշել է Շարմազանովը՝ պատասխանելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով Բելառուսի դիրքորոշման մասին հարցին:
Ըստ նրա՝ ինքը նույնպես, որպես ՀԱՊԿ-ում հայաստանյան խորհրդարանական պատվիրակության ղեկավար, կարծում է, որ ցանկացած կազմակերպության հաջողության գաղտնիքը կարեւորագույն հարցերի շուրջ միասնականությունն է:
«Ամեն դեպքում, չնայած խնդիրներին, մեր անդամակցությունն արդարացված է: Այո՛, խնդիրներ կան, բայց հարկավոր է խորացնել համագործակցությունը»,- նշել է նա՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ն միակ կառույցը չէ, որտեղ հակասություններ կան: Որպես օրինակ նա նշել է ՆԱՏՕ-ն, որտեղ նույնպես հակասություններ կան, օրինակ՝ Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ:
«Բելառուսի եւ Ադրբեջանի գործարքի մասին մեր դիրքորոշումը հնչեցրել ենք: ԴԱ մութ գործարք է, որը չի համապատասխանում հակամարտության խաղաղ կարգավորման ոգուն»,- ընդգծել է ԱԺ փոխխոսնակը:




























