ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները դաշնակից երկրների եւ գործընկերների համար միանգամայն հրապարակային հիմքով են կառուցվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Մենք երբեք դրանից գաղտնիք չենք սարքել, եւ երբեք նման փոխգործակցությունը չէր կարող եւ չի կարող ուղղվել Ռուսաստանի հետ մեր ռազմավարական դաշնակցության շահերի դեմ»,- ասել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն ՄԱԿ-ի թույլտվությամբ մի շարք խաղաղապահ գործողություններ է իրականացնում: Նրա խոսքով Հայաստանի համար կարեւոր եւ օգտակար է այդպիսի բազմազգ խաղաղապահ գործողություններին մասնակցությունից ստացած գիտելիքներն ու փորձը: «Դա մեզ օգնում է մի կողմից սեփական խաղաղապահ առանձնահատկությունները մշակել, իրական տարբեր պայմաններում հերթապահություն անցած զորակազմ ունենալ եւ դրա հետ մեկտեղ ավելի լիակատար պատկեր ու միջազգային խաղաղապահ համակարգի ըմբռնում ունենալ, այդ թվում՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունները»-, պարզաբանել է Սարգսյանը:

Նա հավելել է, որ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի անհատական գործընկերության ծրագիրը առաջին հերթին ուղղված է զինված ուժերի վերահսկողության ժողովրդավարական համակարգի զարգացմանը, այն բաղկացուցիչի ամրապնդմանը, որը դրված է խորհրդարանական կառավարման հիմքում, ինչպես ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներում է: «Մենք մի շարք նախագծեր ենք իրականացնում,որոնք նպաստում են մեր զինված ուժերի ամրապնդմանը, եւ համոզված եմ, որ դա մեր դաշնակիցների շահերին ոչ մի կերպ չի խանգարում»,- ամփոփել է Հայաստանի պաշտպանության նախարարը: