4 տարի առաջ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանը, որի հետագա բուժումը կազմակերպվում է Կառավարության տրամադրած 26 մլն դրամով, դեռեւս Հայաստանում է. բուժման երկրորդ կուրսը ստանալու համար Գերմանիա կմեկնի ամենայն հավանականությամբ մարտի վերջին:

NEWS.am-ի թղթակցին Մհերի հարազատները հայտնեցին, որ այս պահին խնդիր է առաջացել, պարզվում է` լրացուցիչ հետազոտությունների կարիք կա, որի համար եւս 19 հազար եվրո է անհրաժեշտ: Այս հարցով առաջիկայում Պետրոսյանները կդիմեն պատկան մարմիններին:

Հիշեցնենք, որ զինծառայողը վիրավորվել էր 2013թ. հունվարի 14-ին ծառայակցի արձակած կրակոցից: ՀՀ ՊՆ զորամասի մարտական հենակետերից մեկի խոհանոցում շարքային Տիգրան Բալասանյանը Պետրոսյանին դեպքի օրն ասել էր. «Պատկերացրու` դու թուրք լինեիր, ու ես քեզ գերի վերցնեի, հրամանատարության կողմից կխրախուսվեի»: Այնուհետեւ կարծելով, թե ինքնաձիգի փակաղակի ապահովիչը գտնվում է չկրակելու դիրքում, Տիգրանը ցանկացել է կատակել համածառայակից, նույն հենակետի կրտսեր սերժանտ Մ. Պետրոսյանի հետ, իսկ կատակն առավել համոզիչ դարձնելու համար փորձել է կատարել զենքի լիցքավորման իմիտացիա, այն է` փակաղակը փոքր ինչ հետ է քաշել, արդյունքում ինքնաձիգը լիցքավորվել ու ձգանը սեղմելուց հետո կատարվել են երկու կրակոցներ, դրանով Մ. Պետրոսյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել գլխի հրազենային, գնդակային, թափանցող, միջանցիկ վիրավորում` ուղեկցված աջ կիսագնդի ուղեղանյութի ջնջխում:

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Բալասանյանին մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել 2.5 տարվա ազատազրկման` պատժի սկիզբը հաշվելով 2013թ. հունվարի 14-ից: Ստացվում է, որ Բալասանյանն արդեն ազատության մեջ է, իսկ Պետրոսյանը արդեն շուրջ 4 տարի պայքարում է ապրելու համար:

Պետրոսյանները նաեւ քաղաքացիական հայց են ներկայացրել, որն ընթացքի մեջ է: