Շիրակի մարզում Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով ի թիվս այլ թեկնածուների` առաջադրվել է նաեւ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը: Վերջինս 2012-ին Արթիկում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր որպես ԲՀԿ-ի թեկնածու: Արթիկի ներկայիս քաղաքապետ Մխիթար Վարագյանի հետ թեժ պայքարում Մուշեղ Պետոյանը ընտրվեց պատգամավոր: Պետոյանի եւ Վարագյանի պայքարը շարունակվեց նաեւ 2016-ի հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում, որի արդյունքում քաղաքապետ ընտրվեց Մխիթար Վարագյանը: 

Թե խորհրդaրանական, թե քաղաքապետի ընտրություններում մշտապես միմյանց դեմ պայքարած վաղեմի հակառակորդները այս ընտրություններում ստիպված են համերաշխ աշխատել:  NEWS.am-ի հետ զրույցում Մխիթար Վարագյանն ասաց, որ իր թեկնածությունը չի առաջադրել:  Մեր հարցին`պատրա՞ստ է ձայներ ապահովել իր վաղեմի հակառակորդ Պետոյանի օգտին, պատասխանեց. «Ամեն ինչ նորմալ է, կորոշենք`ով ում համար կաշխատի»: Հարցին, իսկ կցանկանա, որ Պետոյանը ընտրվի պատգամավոր, Վարագյանը հորդորեց ճշտել Պետոյանից:

Նշենք,  որ Շիրակի մարզում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրվել են ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀԿ պատգամավորներ Արման Սահակյանը, Սուքիաս Ավետիսյանը, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը եւ այլ թեկնածուներ: