ԱՄՆ-ն ու Մեքսիկան կձգտեն հաղթահարել տարաձայնությունները։Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մեքսիկայից իր գործընկեր Լուիս Վիդեգարայի հետ հանդիպման արդյունքներով, փոխանցում է AP–ն։
Նա նշել է, որ ԱՄՆ ներքին գործերի նախարար Ջոն Քելիի հետ արդյունավետ հանդիպումներ են ունեցել իրենց մեքսիկացի գործընկերների հետ՝ քննարկելով հիմնական տարաձայնությունները։ «Հանդիպումների ընթացքում մենք քննարկեցինք ԱՄՆ- Մեքսիկա հարաբերություններում խնդիրների ու հեռանկարների ամբողջ սպեկտրը։Մենք ընդունեցինք, որ հարաբերություններում, որոնք լի են վառ գույներով, երկու ինքնիշխան պետությունները ժամանակ առ ժամանակ կարող են տարաձայնություններ ունենալ։ Մենք ուշադիր լսեցինք միմյանց ու նշեցինք առկա խնդիրները»,- ասել է Թիլերսոնը։ Նրա մեքսիկացի գործընկերը նույնպես բարեկամական ձայներանգով է ամփոփել հանդիպումը, բայց նկատել է, որ այն իրավիճակներում, որտեղ կանխավ կան տարաձայնություններ, դրանք լուծելու լավագույն ուղին երկխոսությունն է։
Նշենք, որ երկու երկրների միջեւ լարվածության պատճառը նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն էր ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկայնքով պատ կառուցելու անհրաժեշտության մասին՝ ապօրինի ներգաղթի դեմ պայքարի նպատակով։




























